Մատչելիության հղումներ

Փոքր եւ միջին բիզնեսը քիչ է ներկայացված արտահանման գործընթացում


Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով, դոլարի արժեվորումը կարող է նպաստել փոքր եւ միջին բիզնեսը արտահանման գործընթացում ներգրավելուն: Փոքր եւ միջին ձեռնարկությունների արտադրանքը շատ քիչ է ներկայացված Հայաստանից արտահանվող 25 հիմնական ապրանքատեսակների ցանկում:

«Հիմնականում ներկայացված է խոշոր բիզնեսը», - լրագրողների հետ հանդիպմանը ուրբաթ օրը ասաց Գագիկ Մակարյանը` մանրամասնելով. - «Որովհետեւ այն ոլորտները, որոնք բաժին են ընկնում այդ 25 ապրանքներին, օրինակ, հանքարդյունաբերական ապրանքներ` ֆերոմոլիբդեն, պղինձ, ոսկի, կամ ալկոհոլային խմիչքներ` կոնյակ, հիմնականում դրանք վերաբերում են խոշոր ձեռնարկություններին»:

Նրա խոսքով, բարելավման կարիք ունեն արտահանման պետական աջակցության մեխանիզմները: Կա նաեւ արտասահմանյան շուկաներում մրցունակության, որակի սերտիֆիկատի խնդիրները:

Մակարյանի համոզմամբ, սակայն, ամենակարեւորը մեր փորձարկման լաբորատորիաների հարցն է. - «Քանի որ այդ լաբորատորիաները չունեն միջազգային ճանաչում եւ նրանց տված արդյունքները, արձանագրությունները կամ սերտիֆիկատները չունեն միջազգային ճանաչում, ապա այսպիսի փաստաթղթերով Հայաստանի արտադրողին հատկապես եվրոպական շուկա դուրս գալը խնդիր է»:

«Աշտարակ կաթ» ընկերության տնօրեն Ստեփան Ասլանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ արտահանման խնդիրն իրականում գործարարինն է. - «Ցանկացած բիզնեսմեն, բիզնես, ընկերություն պետք է ինքը մտածի իր արտահանման մասին: Մենք չենք ակնկալում, որ մեզ պետք է աջակցեն»:

Հարկ է նշել, որ արտահանվող ապրանքներից ռիսկային համարվող կաթնամթերքն ու մսամթերքը Եվրոպա գրեթե չեն մտնում, քանի որ սննդի անվտանգությանն այնտեղ շատ խիստ պահանջներ են ներկայացվում: Պահածոներից արտահանվում են մուրաբաներ եւ հյութեր, որոնք նույնպես, ըստ Մակարյանի, միջազգային ստանդարտներին չեն համապատասխանում:

Ստեփան Ասլանյանն այս առնչությամբ ասաց. - «Հայաստանում չկա լաբորատորիա, որը կարող է համապատասխան զննումը կատարել: Մենք դրա պատճառով չենք կարող Եվրամիություն մեր արտադրանքը արտահանել»:

Մակարյանը հավելեց, որ կառավարությունը փորձում է լուծել այդ հարցը. առաջիկայում ստեղծվելու է 2 այդպիսի լաբորատորիա:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, արտահանման ծավալը 2012 թվականի մայիսի տվյալներով, անցած տարվա համեմատ, աճել է 6.9 տոկոսով` կազմելով 122.2 միլիոն դոլար: Ընդ որում` ամսական կտրվածքով այս ցուցանիշն աճել է 33 տոկոսով: 2012 թվականի հունվար-մայիս ամիսներին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 15.2 տոկոս` հասնելով 561.7 միլիոն դոլարի:

please wait

No media source currently available

0:00 0:04:25 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG