Մատչելիության հղումներ

logo-print

21 պատգամավորներ միացել են արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությանը


Այս պահի դրությամբ Ազգային ժողովի 21 պատգամավորներ ստորագրել են «Հարսնաքար»-ի գործով արտահերթ նստաշրջան հրավիրելու ձեւաթուղթը:

Այսօր մինչեւ ժամը 18-ը անհրաժեշտ է հավաքել 44 ստորագրություն, այլապես անհնար կլինի արտահերթ նիստ հրավիրել: Ձեւաթղթի տակ մինչ այժմ ստորագրել են Հայ ազգային կոնգրես խմբակցության բոլոր յոթ պատգամավորները: Դաշնակցության հինգ հոգանոց խմբակցությունից ստորագրել են առայժմ երեքը` Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը եւ Արծվիկ Մինասյանը, «Ժառանգության» հինգ հոգանոց խմբակցությունից` չորսը` Ռուբեն Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը: «Բարգավաճ Հայաստան»-ի 37 հոգանոց խմբակցությունից առայժմ ստորագրել է յոթ պատգամավոր` Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Տիգրան Ուրիխանյանը, Սամվել Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, Վահան Բաբայանը եւ Վահե Հովհաննիսյանը։

Իրականում արտահերթ նստաշրջան հրավիրելու գործում էական դերակատարություն ունի հենց Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն, այլապես խորհրդարանական երեք խմբակցությունները միասին ունեն 17 պատգամավոր, եւ նրանք առանց ԲՀԿ-ի օգնության որեւէ արդյունքի չեն հասնի: Իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն արդեն հայտարարել է, որ իրենց խմբակցության պատգամավորների զգալի մասը այս պահին հանրապետությունում չէ, հետեւաբար ինքը իրատեսական չի համարում այս նախաձեռնությունը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որքանո՞վ էր նպատակահարմար այսպիսի գործընթաց սկսել, երբ արդեն իսկ ԲՀԿ-ն հայտարարել է, թե իրատեսական չի համարում 44 ստորագրություն հավաքելը, ձեւաթուղթը ստորագրած դաշնակցական Վահան Հովհաննիսյանն ասաց` նույնիսկ եթե չհաջողվի արտահերթ նստաշրջան հրավիրել, ապա միեւնույն է, այս նախաձեռնությունը «շատ բան ակնհայտ կդարձնի»:

«Ովքեր են միանում, ովքեր էին պարզապես ամպագոռգոռ հայտարարություններ անում, վերջապես ժողովուրդը հասկանա տարբերությունը` ընդդիմություն, իշխանություն եւ ինչ-որ նոր քաղաքական տերմին կա` այլընտրանք… դրանք ո՞նց են իրար հետ հարաբերվում, եւ որտե՞ղ իսկապես կարելի է ակնկալել համագործակցություն: Եթե իսկապես ցանկություն կա ստորագրելու, ձեւը կգտնեն: Մենք կարող ենք մի անգամ էլ սեպտեմբերին նախաձեռնել: Ի՞նչ է փոխվելու: Այ, էդ ժամանակ արդեն մենք կհասկանանք արդեն` ով էր Դուբայ գնացել ընտրողների հետ հանդիպման, իսկ ով կարող է միանալ», - ասաց Հովհաննիսյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր հանդիպել է Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին` ՀՀԿ-ին նույնպես առաջարկելով միանալ ստորագրահավաքին, սակայն Սահակյանը մերժել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG