Մատչելիության հղումներ

Այցի արդյունքներն ամփոփող հայտարարությունում նրանք անդրադառնում են նաեւ Ղարաբաղում բացվելիք օդանավակայանին, նշելով` կողմերը վստահեցրել են, որ ուժ չեն կիրառի քաղավիացիայի դեմ։

Տարածաշրջան այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ուրբաթ օրը նախ հանդիպեցին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Հանդիպման ժամանակ Մինսկի խմբի միջնորդները քննարկել են բարձր մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածությունները լավագույնս կյանքի կոչելու ուղիները։

«Կան որոշակի տեղաշարժեր։ Գործընթացը գաղտնի է, եւ ես չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ ենք քննարկել», - այսօր առավոտյան Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, - «Մենք խոսել ենք [սահմանին տեղի ունեցած] միջադեպերի մասին: Գիտեք, սա շատ կարևոր հարց է, [հունիսի] 4-ին, 6-ին [սահմանին] տեղի ունեցան միջադեպեր, որոնց հետեւանքով բոլոր կողմից էլ զոհեր եղան: Բնական է, որ ուշադրության կենտրոնում էր նաեւ Փարիզում [Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի] նախարարների հանդիպումը: Մենք կարծում ենք, որ հանդիպումները առաջիկայում կշարունակվեն»:

Համանախագահները փոխանցեցին, թե Ստեփանակերտից Երեւան են ժամանել անցած գիշեր եւ այսօր առավոտյան Ռոբերտ Բրադկեն, ժակ Ֆորը, Իգոր Պոպովը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը մոտ մեկ ժամանոց հանդիպում ունեցան Էդվարդ Նալբանդյանի հետ:

Առավոտյան արտգործնախարարության շենքի դիմաց մեզ հաջողվեց զրուցել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ։

«Գիտեք, երեքշաբթի մենք Բաքվում էինք, հանդիպեցինք նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Չորեքշաբթի մենք հատեցինք շփման գիծը, եւ դա մենք արել ենք մի քանի անգամ: Կարծում ենք` կարեւոր է դա անել, կարծում ենք կարեւոր է ցույց տալ զինադադարի նկատմամբ մեր հարգանքը: Մտահոգված ենք շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպերով: Միեւնույն ժամանակ, կարծում ենք, որ շփման գիծը չի կարող դառնալ այս տարածաշրջանի ժողովուրդների բաժանման մշտական գիծ, դա ապագա չէ», - ասաց Բրադկեն։

Հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարարության կողմից տարածած կարճ հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է․ - «Համանախագահները նախարար Նալբանդյանին ներկայացրեցին Բաքվում եւ Ստեփանակերտում կայացած հանդիպումների արդյունքները: Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց առաջիկայում նախատեսվող հանդիպումների ժամանակացույցին»:

Այսօր համանախագահների հետ հանդիպել է նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանայանը:

Այնուհետեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ՝ ամփոփելով տարածաշրջան կատարած իրենց այցը:

Հայտարարությունում մասնավորապես ասված է, որ Հայաստանի նախագահի, արտգործնախարարի եւ պաշտպանության նախարարի, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահի եւ արտգործնախարարի հետ հանդիպումներում միջնորդները «խորը անհանգստություն են հայտնել սահմանային միջադեպերի կապակցությամբ եւ վերստին շեշտել են, որ խաղաղության հասնելու՝ կողմերի քաղաքական կամքը կարող է լավագույնս ի ցույց դրվել մաքսիմալիստական դիրքորոշումներից ետ կանգնելով, 1994 թվականի հրադադարը հարգելով եւ թշնամական հռետորաբանությունից հրաժարվելով»։

Մինսկի խմբի միջնորդները նաեւ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում օդանավակայանի բացման մասին լուրերին՝ նշելով, որ իրենց հանդիպումներում կողմերը վստահեցրել են, որ ձեռնպահ կմնան քաղաքացիական օդանավերի դեմ ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքներից եւ խնդիրը կլուծեն դիվանագիտական ճանապարհով՝ խուսափելով հարցի քաղաքականացումից։

«Համանախագահները վերահաստատեցին, որ այս օդանավակայանի գործարկումը չի կարող օգտագործվել որպես փաստարկ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոփոխության մասին պնդումների օգտին, եւ կողմերին կոչ են արել գործել միջազգային իրավունքի նորմերին եւ ներկա պահին իրենց տարածքով թռիչքների իրականացման գործող կարգին համապատասխան», - ասված է հայտարարությունում։

Եզրափակելով՝ միջնորդները նշում են, որ սեպտեմբերին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը նախապատրաստելու նպատակով իրենք նախատեսում են կրկին հանդիպումներ ունենալ վերջիններիս հետ։

XS
SM
MD
LG