Մատչելիության հղումներ

logo-print

«Եղիցի լույս» մրցանակը հանձնվեց Ալեքսանդր Սոկուրովին


«Եղիցի լույս» մրցանակի առաջին դափնեկիր Ալեքսանդր Սոկուրովը:

«Եղիցի լույս» մրցանակի առաջին դափնեկիր Ալեքսանդր Սոկուրովը:

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը «Ոսկե Ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի առիթով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակը հանձնեց ռուսաստանցի անվանի կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին:

Մրցանակը, որ ամենամյա է լինելու, սահմանվել է այս տարի, եւ Սոկուրովը «Եղիցի լույս»-ի առաջին դափնեկիրն է:

Մրցանակի հանձնման արարողությունը ունեցած կարճատեւ ելույթներում «Ոսկե Ծիրան»-ի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոգետ, Հայկական կինոակադեմիայի նախագահ Դավիթ Մուրադյանը եւ այլք բարձր գնահատեցին Ալեքսանդր Սոկուրովի արվեստը` շեշտելով, որ այն իրոք լույս է սփռում մարդկանց հոգիներում:

Իր խոսքում Ալեքսանդր Սոկուրովը նշեց, որ իր արվեստով փորձել է նպաստել չարի հաղթահարմանը եւ բարու տարածմանը:

Հանդիսության ավարտին Վեհափառ Հայրապետը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Ուրախ ենք, որ «Ոսկե Ծիրան» փառատոնի շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ձեռնարկեց նման մի մրցանակի հանձնման գործին: Եվ այսօր կատարվեց «Եղիցի լույս» մրցանակի հանձնման արարողությունը, որը շնորհվեց հանձնախմբի կողմից ընտրված մեծ վաստակ ունեցող կինոգործչի` տիար Ալեքսանդր Սոկուրովին: Մենք մեր շնորհավորանքներն ենք բերում եւ մեր օրհնությունները` հայցելով, որ «Ոսկե Ծիրան» փառատոնը շարունակի զարգանալ, առաջընթաց ապրել եւ իրականացնել այն բոլոր ակնկալությունները, որ ունեն կինոյի ասպարեզում ստեղծագործող անձինք եւ նաեւ կինոդիտող հանրությունը»:

Ալեքսանդր Սոկուրովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է Հայաստանում, դեռ շատ բան չի հասցրել տեսնել, բայց զգում է «հոգեւոր մշակույթի շունչը»:

«Այս մրցանակն ինձ համար մարդկային ջերմության եւ իմ աշխատանքի ըմբռնման գնահատականն է: Այն նշանակում է, որ մշակույթը պահանջված է, անհրաժեշտ: Ավելին` այն նշանակում է, որ մենք ենք միմյանց անհրաժեշտ` անկախ այն բանից, թե աշխարհի որ ծայրում ենք ապրում: Մարդը ինքնին արժեք է, եւ դա արտահայտվում է մեր մշակույթի մեջ, որը ամենակարեւորն է այն ամենից, ինչ ունենք», - հավելեց նա:

XS
SM
MD
LG