Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը հրադադարի ռեժիմը պահպանելու կոչ է անում


ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիեր (ձ) եւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, 12 հուլիսի, 2012

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիեր (ձ) եւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, 12 հուլիսի, 2012

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հինգշաբթի օրը ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին:

Այս տարի լրանում է ԵԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության 20 տարին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը անդրադարձան Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների անցկացմանն ու արդյունքներին: Զանիերն ասաց, որ իրենք հետեւել են խորհրդարանական ընտրությունների ընթացքին եւ շարունակելու են հետեւել նախագահական ընտրություններին եւս:

«Խորհրդարանական ընտրությունների դիտարկումը եղել է մեր ուշադրության կենտրոնում: Թեեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը հիմնականում դրական էր, այդուամենայնիվ մենք աջակցելու ենք Հայաստանին առաջիկա նախագահական ընտրություններն ավելի բարձր մակարդակով անցկացնելու հարցում», - ասաց նա:

Նալբանդյանն ու Զանիերը հանդիպման ընթացքում անդրադարձան նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, մտքեր փոխանակեցին բանակցային գործընթացի շուրջ: Նրանք նշեցին, որ խնդիրն ունի միայն խաղաղ լուծում` գործող բանակցային ձեւաչափի շրջանակներում:

«Իհարկե, իմ այցը տարածաշրջանային այցի մաս է: Թե այստեղ, թե Բաքվում ես ունեմ նույն ուղերձը` հակամարտությունը պետք է լուծել խաղաղությամբ, եւ ԵԱՀԿ-ն պատրաստ է օգտագործել իր բոլոր գործիքները` առաջին հերթին աջակցելով Մինսկի խմբի ջանքերին խաղաղ բանակցային հանգուցալուծման հասնելու համար: Իմ կողմից կարող եմ ասել, որ մենք լրջորեն անհանգստացած ենք սահմանին հրադադարի ռեժիմի խախտման եւ զոհերի առնչությամբ: Կարծում եմ` կարեւոր է որոշ քայլեր ձեռնարկել քաղաքական որոշումներից զատ դրությունը կայունացնելու համար: Իհարկե, ստատուս քվոն լուծում չէ, բայց պետք է ամեն կերպ խուսափել միջադեպերից, լավ կլիներ, եթե կողմերը զերծ մնային միջադեպերի կրկնությունից եւ հեռացնեին դիպուկահարներին շփման գծից», - ասաց Զանիերը:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպմանը հետեւած համատեղ ասուլիսում նշեց, որ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, խաղաղության ձգտելու պատրաստակամություն չունի: Արդեն 4 հայտարարություն է եղել (վերջինը լոսկաբոսյան հայտարարությունն էր), եւ ամեն հայտարարությունից հետո, նախարարի խոսքով, Հայաստանից հնչել է «ադեկվատ արձագանք, որ մենք ողջունում ենք այն ջանքերը, որոնք գործադրվում են միջազգային հանրության կողմից, եռանախագահող երկրների կողմից, եւ պատրաստ ենք այդ առաջարկությունների հիման վրա գնալ կարգավորմանը»:

«Մինչ այսօր ո'չ Լ'Աքվիլայի, ո'չ Մուսկոկայի, ո'չ Դովիլի, ո'չ էլ Լոս Կաբոսի հայտարարությունների վերաբերյալ Ադրբեջանի կողմից մենք չենք լսում այդպիսի պատրաստակամություն», - հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը:

Հարցին, թե ինչպես կարելի է խոսել խնդրի խաղաղ կարգավորման մասին, երբ Ադրբեջանը շարունակում է ավելացնել ռազմական բյուջեն եւ հանդես գալ ռազմատենչ հայտարարություններով, Զանիերն արձագանքեց. - «Նախագահ Ալիեւի հետ բանակցությունների ժամանակ ես տեսա, որ այս հարցում կա հստակ քաղաքական ներգրավվածություն: Ես տեսնում եմ խնդիրները, ես տեսնում եմ տարբերությունները, բայց տեսնում եմ նաեւ բանակցություններում նրանց ներգրավվածությունը, ինչը բավականին լավ է: Հուսով եմ` բանակցությունները կկարեւորվեն մյուս հանգամանքների ֆոնին»:

XS
SM
MD
LG