Մատչելիության հղումներ

Կառավարությունն առաջարկում է բարձրացնել կանանց ամուսնական տարիքը


Այսօրվա նիստում գործադիրն առաջարկեց փոփոխություն մտցնել Ընտանեկան օրենսգրքում` կանանց ամուսնական տարիք սահմանելով 18 տարեկանը:

Գործող օրենքով ամուսնական տարիքը կնոջ համար սահմանված է 17, իսկ տղամարդկանց համար` 18 տարեկանը:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պարզաբանեց, թե գործող օրենքն առաջացնում է գենդերային անհավասարություն. - «Միջազգային կառույցները մեզ հորդորում էին, որպեսզի այդ գենդերային հավասարությունն ապահովվի: Միջազգային պրակտիկան եւս վկայում է այն մասին, որ այդ տարիքը 18-ն է»:

Փաստարկելով, թե ինչու հենց այդ տարիքն է ընտվել` Թովմասյանն ասաց. - «Կառավարության գործունեության ծրագրով նախատեսված է, որ միջնակարգ հանրակրթական կրթությունը պետք է դարձվի պարտադիր եւ անվճար: Եվ եթե մենք սահմանում ենք, որ 6 տարեկանից երեխան հաճախում է դպրոց եւ 12-ամյա կրթության պարագայում մենք ունենում ենք, որ 17 տարեկանում է երեխան ավարտելու դպրոցը: 17-ում թույլ տալու պարագայուն մենք կունենայինք հետեւյալ վիճակը, որ դպրոցականը արդեն ամուսնանալու իրավունք կունենար»:

Նախարարի խոսքով, կա նաեւ առողջապահությանն առնչվող հիմնավորում. - «Մենք ունենք առողջապահության նախարարության եզրակացությունը, որ վաղ տարիքում կանանց ամուսնությունն ու հղիությունը հետագայում առողջապահական մի շարք խնդիրներ է առաջացնում: Վիճակագրությունը եւս խոսում է այն մասին, որ ընդհանրապես ամուսնության տարիքը Հայաստանում աճում է դեպի վերեւ: Եթե 90-ական թվականներին 16-17 հազար ամուսնությունների մեջ մենք ունեինք մինչեւ 250` առավելագույն թիվն է եղել, որ 17-18, այս հասակի աղջիկներն ամուսնացել են, ապա 2008-2010 թվականներին այդ թիվը հասել է 100-ի, իսկ վերջին տարիներին այս շեմը 50-ից, ըստ էության, չի անցնում»:

Կառավարությունը հավանության արժանացրեց առաջարկը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

please wait

No media source currently available

0:00 0:01:55 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG