Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի հեղինակավոր մրցանակ` թուրք առաջադեմ գրողին


Էլիֆ Շաֆաք
Էլիֆ Շաֆաք
Ֆրանսիայի իշխանությունները որոշել են արվեստի եւ գրականության ոլորտում 1957 թվականից սահմանված հեղինակավոր պարգեւը այս տարի շնորհել ազգությամբ թուրք արձակագիր, Հայոց ցեղասպանության թեմայով գրքի հեղինակ Էլիֆ Շաֆաքին։

Վերջինս շաբաթվա սկզբին Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանի կողմից «Արվեստի եւ գրականության ասպետի» շքանշան է ստացել՝ միջմշակութային երկխոսության, ինչպես նաեւ մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների համար մղած պայքարի համար։

«Սա շատ առանձնահատուկ պարգեւ է, որը տրվում է Ֆրանսիայում, ինչպես նաեւ աշխարհի մյուս անկյուններում մշակույթի ոլորտում լուրջ ներդրում ունեցած անձանց», - ասել է դեսպանը, ով իր շնորհավորական ելույթում հատուկ վկայաբերել է նաեւ Շաֆաքի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող գիրքը։ «Ձեր դեմ քրեական գործ հարուցվեց՝ թուրքերի ինքնությունը վիրավորելու համար, որը հետագայում, բարեբախտաբար, կարճվեց, սակայն անգամ այդ դժվարին ժամանակները չկարողացան կոտրել ձեր կամքի ուժը եւ թուրք հասարակության ենթագիտակցության հետ աշխատելու ձեր ցանկությունը», - ասել է Ֆրանսիայի դեսպանը։

Աղմկահարույց այդ գիրքը՝ «Հայրը եւ ապօրինի զավակը», հրատարակվել է 2006 թվականին եւ անմիջապես հայտնվել թուրք ազգայնականների թիրախում՝ Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների համար։ Բարձր գնահատելով գրողի խիզախությունը՝ դեսպանը նշել է, որ այն միայն Ֆրանսիայում 100 հազարից ավելի ընթերցող է ունեցել, ինչպես նաեւ բեսթսելեր է դարձել գրողի պատմական հայրենիքում՝ Թուրքիայում։

Մրցանակը բարձր է գնահատել նաեւ Ստրասբուրգում ծնված Էլիֆ Շաֆաքը, որի թուրքերեն եւ անգլերեն լեզուներով գրված ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան 30 լեզուներով։

«Այս պարգեւները կամուրջ են արձակագիրների համար՝ դեպի արտաքին աշխարհ, դեպի ընթերցող, կամուրջ, որոնք նոր մտքեր ու նոր էներգիա են հաղորդում», - ասել է երիտասարդ գրողը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG