Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳ նախարարը ընդունել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարին


Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության

Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասել է. - «Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունն առանցքային դեր է խաղում Վանկուվերից Վլադիվոստոկ ընկած տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության ապահովման գործում, ու Հայաստանն անդամակցությունից ի վեր ակտիվորեն ներգրավված է կազմակերպության գործունեության բոլոր երեք հարթություններում»։

Նալբանդյանը նաեւ Հայաստանի աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ-ի բարեփոխումների գործընթացին:

Զանիերը վստահեցրել է, որ կազմակերպությունը շարունակելու է իր գործունեությունը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության մթնոլորտի ապահովման գործում:

Զրուցակիցները նշել են, որ ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակը զգալի ներդրում ունի Հայաստանում պետական կառավարման տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործընթացում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւ ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը անդրադարձել են Հայաստանում մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների անցկացմանն ու արդյունքներին: Զանիերը, Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, ասել է, որ ընտրությունները ընդհանուր առմամբ լավ ընթացք են ունեցել եւ արժանացել են միջազգային դիտորդների համապատասխան դրական գնահատականին, եւ հույս է հայտնել, որ դիտորդների առաջարկությունները հաշվի կառնվեն ու լրացուցիչ խթան կհանդիսանան հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունների առավել բարձր մակարդակով անցկացման համար:

Բանակցությունների օրակարգում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Այս առումով երկուստեք ընդգծվել է, որ հիմնախնդիրն ունի միայն խաղաղ լուծում՝ գործող բանակցային ձեւաչափի շրջանակներում: ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը աջակցություն է հայտնել Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին եւ կողմերի միջեւ վստահության ամրապնդման ուղղված նրանց նախաձեռնություններին:

Հանդիպմանը հետեւել է համատեղ մամլո ասուլիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG