Մատչելիության հղումներ

Ալիեւը կրկին խոսում է հայկական զորքերի դուրսբերման թեմայով


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ելույթ է ունենում կառավարության նիստի ժամանակ, արխիվային լուսանկար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ելույթ է ունենում կառավարության նիստի ժամանակ, արխիվային լուսանկար

Ղարաբաղյան խաղաղ բանակցություններում առկա լճացումը, ինչպես նաեւ հակամարտության ստատուս քվոյի փոփոխությունը կարող է լուծվել «ադրբեջանական տարածքներից հայկական զորքերը դուրս բերելու դեպքում»։ Ադրբեջանի կառավարության նիստում չորեքշաբթի օրը հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիեւը։

Նա ասել է, թե ստատուս քվոյի փոփոխություն` նշանակում է հայկական զորքերի դուրսբերում «գրավյալ տարածքներից», նշելով, թե այդ քայլով բանակցային գործընթացում կմեծանան դրական միտումները, եւ այդ խնդիրները կարող են արագորեն լուծվել։

Միաժամանակ, Ալիեւը ասել է, թե Ադրբեջանը շարունակում է մեծ ուշադրություն դարձնել ռազմական ոլորտին։ «Քաղաքական եւ դիվանագիտական բոլոր ջանքերի հետ համատեղ մենք, անշուշտ, ուժեղացնում ենք մեր ռազմական ուժը, ստեղծում ենք ուժեղ բանակ։ Ուժեղ բանակը, անշուշտ, ամրապնդում է մեր դիրքերը բանակցություններում», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Ըստ Ալիեւի` այս գործոնը, ինչպես նաեւ տնտեսական զարգացումը եւ Ադրբեջանի քաղաքական հնարավորությունները «Ղարաբաղի խնդրի արդար կարգավորումը դարձնում են անխուսափելի»։

Կառավարության նիստի հիմնական նպատակը այս տարվա առաջին կիսամյակի արդյունքների ամփոփումն էր։ Այս կապակցությամբ Իլհամ Ալիեւը ասել է, թե վեց ամիսներին Ադրբեջանի համախառն ներքին արդյունքը աճել է 1.5 տոկոսով, նավթային ոլորտում աճը կազմել է ավելի քան 11 տոկոս, իսկ բնակչության եկամուտները աճել են 14 տոկոսով։

Նա անդրադարձել է նաեւ Ադրբեջանում անցկացված «Եվրատեսիլ - 2012» երգի մրցույթին` ասելով, թե «Եվրատեսիլ»-ի պատմության մեջ ամենասքանչելի մրցույթը անցկացվեց Բաքվում։ Իսկ այդ օրերին Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ բազմաթիվ քննադատությունները Ալիեւը վերագրել է աշխարհով մեկ հայամետ ուժերին` ասելով, թե նրանց աջակցությամբ հակաադրբեջանական քարոզարշավ էր իրականացվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG