Մատչելիության հղումներ

Պետդուման ընդունում է վիճահարույց օրինագծերը


Ինտերնետում գրաքննության դեմ բողոքի ցույց Ռուսաստանի Պետդումայի շենքի դիմաց, Մոսկվա, 11-ը հուլիսի, 2012թ.

Ինտերնետում գրաքննության դեմ բողոքի ցույց Ռուսաստանի Պետդումայի շենքի դիմաց, Մոսկվա, 11-ը հուլիսի, 2012թ.

Չորեքշաբթի օրը Ռուսաստանի խորհրդարանը տեղեկատվական ոլորտին վերաբերող միանգամից երկու օրինագիծ է ընդունել, որոնք հարուցում են ոլորտի ներկայացուցիչների մտահոգությունը:

Առաջին ընթերցմամբ Պետական դուման ընդունել է զրպարտությունը վերստին քրեականացնող օրինագիծը:

Այս օրինագիծը ոչ միայն զրպարտության մասին հոդվածը վերադարձնում է Քրեական օրենսգիրք, այլեւ զգալիորեն խստացնում է զրպարտության համար պատասխանատվությունը:

Դրա համաձայն՝ զրպարտող անձը կարող է ազատազրկվել մինչեւ 5 տարով եւ տուգանվել մինչեւ 500 հազար ռուբլով (շուրջ 15 հազար դոլար). այժմ զրպարտության համար տուգանքը 2-3 հազար ռուբլի է կազմում։

Ազատազրկման վերաբերյալ կետը մինչեւ երկրորդ ընթերցում կարող է փոխարինվել է՛լ ավելի մեծ տուգանքներով։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հանդես էր եկել հենց այդպիսի լուծման օգտին։

Զրպարտության մասին օրենքը Քրեական օրենսգրքից վերջերս էր հանվել` նախորդ տարվա դեկտեմբերին, այդ ժամանակ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ։

Օրինագիծը ներկայացրել է իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, եւ քվեարկության ընթացքում էլ միայն այդ խմբակցությունն է կողմ արտահայտվել, մնացած խմբակցությունները դեմ են արտահայտվել:

Օրինագիծը կարող է վերջնականապես ընդունվել արդեն հուլիսի 13-ին:

Մինչդեռ ինտերնետային կայքերի «սեւ ցուցակ» կազմելու մասին օրենքը երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ երեկ Պետդուման վերջնականապես ընդունեց։

Օրինագիծը փոփոխություններ է նախատեսում երեխաներին վտանգավոր տեղեկատվությունից պաշտպանելու մասին օրենքում, ինչը թույլ է տալիս վտանգավոր համարված յուրաքանչյուր կայք փակել առանց դատարանի որոշման։

Առաջին ընթերցումից հետո օրինագիծը հարուցել էր ողջ «Ռունետ»-ի` ռուսական ինտերնետի վրդովմունքը, մի քանի կայքէջեր, ինչպիսիք են ռուսալեզու Wikipedia-ն, Yandex-ը եւ Live Journal-ը, բողոքի ալիք էին բարձրացրել, ռուսական Wikipedia-ն ի նշան բողոքի մեկ օրով փակել էր իր էջը:

Քննադատների պնդմամբ` ոչ հստակ ձեւակերպումները թույլ են տալիս պետությանը գրաքննության ենթարկել ինտերնետը եւ փակել գրեթե յուրաքանչյուր կայք՝ պատճառաբանելով, թե այն վնասակար է երեխաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG