Մատչելիության հղումներ

Մեղադրողը հիմնավորված է համարում Առաքելյանին առաջադրված մեղադրանքը


Բերման ենթարկված ՀԱԿ յոթ ակտիվիստները, 09 օգոստոսի, 2011

Բերման ենթարկված ՀԱԿ յոթ ակտիվիստները, 09 օգոստոսի, 2011

Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը չորեքշաբթի օրը դատարանում հայտարարեց, որ ընդդիմադիր Հայ ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) կալանավորված ակտիվիստ Տիգրան Առաքելյանին առաջադրված մեղադրանքը դատաքննության ընթացքում հիմնավորվել է:

Տիգրան Առաքելյանը մեղադրվում է խուլիգանության, իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու, ոստիկանի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր եւ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ՝ կապված նրանց ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Այդ հոդվածներով նրան սպառնում է 5-10 տարվա ազատազրկում:

Անցած տարվա օգոստոսի 9-ին Երեւանի Կարապի լճի մերձակայքում ոստիկանների եւ ընդդիմադիր Կոնգրեսի ակտիվիստների միջեւ աղմկահարույց միջադեպի գործով 10 ամիս տեւած դատաքննությունը մոտենում է ավարտին: Չնայած կողմերի ակնկալիքներին, որ մեղադրողն այսօր պետք է պատիժ պահանջեր Տիգրան Առաքելյանի, ինչպես նաեւ գործով անցնող, բայց ավելի թեթեւ հատկանիշներով մեղադրվող Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի համար, սակայն մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը այսօրվա դատական նիստում 4 ժամից ավելի տեւած նկարագրական ելույթից հետո անսպասելիորեն հայտարարեց, որ առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառով ի վիճակի չէ շարունակել ճառը, եւ դատավորը նրան մի քանի օր ժամանակ տվեց:

Այնուհանդերձ, իր ժամեր տեւած ելույթում մեղադրողը դատաքննությամբ հիմնավորված համարեց նախաքննական մարմնի մեղադրանքը: Մեղադրողը հայտարարեց, որ ոստիկանների, վկաների ցուցմունքներով, դեպքի վայրի զննության արձանագրություններով հաստատվել է ի սկզբանե քրեական գործի հիմքում դրված «առանց դնչկալի շան» վարկածը: Ըստ այդ վարկածի, օգոստոսի 9-ին երեկոյան ժամը 9-ի շրջակայքում քաղաքացի Զաքար Զաքարյանը առանց դնչկալի մեծ շուն է ման տվել Տերյան փողոցի բնակելի շենքի մոտակայքում, ոստիկանները մոտեցել են, բացատրել, որ չի կարելի նման մարդաշատ վայրում մեծ շանն առանց դնչկալի ման տալ. շատ տերը ներողություն է խնդրել եւ հեռացել, որից հետո Կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանն ու Արտակ Կարապետյանն են մոտեցել եւ սկսել վիրավորել ոստիկաններին:

«Ոստիկանները փորձել են կարգի հրավիրել նրանց, սակայն Տիգրան Առաքելյանը եւ Արտակ Կարապետյանը շարունակել են վիրավորական արտահայտություններ, տվել հայհոյանքներ, գործադրել նրանց կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն: Տիգրան Առաքելյանը բռունցքով հարվածել է Դավիթ Մելիքյանի պարանոցին` վերջինիս պատճառելով ճանկռվածքի ձեւով մարմնական վնասվածք: Իսկ Արտակ Կարապետյանը քաշել-պոկել է նրա ուսադիրն ու տարբերանշանը», - հայտարարեց մեղադրողը:

Հետո, ըստ մեղադրողի, Կոնգրեսի երկու ակտիվիստներին միացել են մյուսները, շարունակել են ագրեսիվ վարքը, ոստիկանները տեսել են իրավիճակը թեժանում է, «ստիպված են եղել կանչել իրենց գործընկերներին», հետո երիտասարդներին բերման ենթարկել, տղաները դիմադրել են, Տիգրան Առաքելյանը գլխով հարվածել է ոստիկանին դեմքին:

«Առաքելյանը առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` հարվածել է իրեն բերման ենթարկող, իր ծառայողական պարտականությունները կատարող Տիգրան Ավետիսյանի դեմքին` հասցնելով քթոսկրի բազմաբեկոր կոտրվածք, գլխուղեղի ցնցում` պատճառելով նրա առողջության թեթեւ վնաս, առողջության կարճատեւ քայքայումով», - ասաց Մարտիրոսյանը:

Այնուհետեւ, ըստ մեղադրողի, ներկայացրած հիմնավորումների, երիտասարդները ագրեսիվ վարքը շարունակել են ոստիկանության բաժանմունքում, վիրավորել են իրավապահներին, շուռ են տվել ու վնասել են գույքը:

Ակտիվիստները չեն ընդունում մեղադրանքը

Մինչդեռ Կոնգրեսի ակտիվիստները հերքում են եւ չեն ընդունում մեղադրանքը: Նրանք եզրափակիչ խոսքով հանդես կգան մեղադրողի ճառից հետո, բայց եւ դատարանում, եւ ամենուր նրանք մշտապես են հայտարարել, որ մեղադրանքը «սարքված է»: Նախ կտրականապես հերքում են քրեական գործի առանցք հանդիսացող առանց դնչկալ շան վարկածը, ասում են, որ որեւէ շուն չեն տեսել, պարզապես ոստիկանները, իրենց բնորոշմամբ, «ռազբորկա են» արել երկու երիտասարդների հետ, եւ իրենք մոտեցել են:

«Շան հետ կապված բացարձակ գործողություն չի եղել, նրանք երկու հոգու հետ կանգնած բառիս բուն իմաստով ռազբորկա էին անում փողոցային խոսակցությունով, «արա»-ով, ինչ-որ խուզարկություն էր անում ձեռքը գրպանը տանելով` էս ի՞նչ է արա, ջեբերդ հլը դատարկի...», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Արտակ Կարապետյանը:

Ակտիվիստներն էլ ցանկացել են պաշտպանել քաղաքացուն, եւ նրանց պնդմամբ, իրենք են ոստիկանների կողմից ծեծի ենթարկվել: Ինչ վերաբերում է ոստիկանի քիթը կոտրելու մասին Տիգրան Առաքելյանին հասցեագրվող մեղադրանքին, պաշտպանական կողմի պնդմամբ, Առաքելյանը գլխով կտրուկ գլխի շարժում է արել այն ժամանակ, երբ ոստիկանը նրան ետեւից բռնել է եւ թեւերով սեղմել է պարանոցը, այսինքն ակտիվիստն ընդամենը ցանկացել է այդ շարժումով ազատել պարանոցը:

ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ գործի առանցքը հանդիսացող շունը այս ամիսներին «սատկել է». համենայնդեպս, մեղադրող կողմը այդպես է հիմնավորել շանը տեսնելու՝ ակտիվիստների պաշտպանական կողմի պահանջը: Այսինքն, ըստ Խաչատրյանի, սա գործի «սարքված» լինելու ամենավառ ապացույցներից է:

«Քանի որ բազմաթիվ հակասություններ կային շան հետ կապված, այդ շունը այսպես թե այնպես պետք է վերանար` որպես հետազոտվելիք ապացույց: Մեղադրանքը ի սկզբանե շինծու էր», - ասաց Խաչատրյանը:

Դատաքննությունը կշարունակվի շաբաթ օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG