Մատչելիության հղումներ

Լեզվի պետական տեսչության լիազորությունները քիչ են


Սերգո Երիցյան
Սերգո Երիցյան
Լեզվի պետական տեսչությունը վերջին 6 ամիսների ընթացքում հայտնաբերել է 60 խախտում եւ նշանակել ավելի քան 3 միլիոն դրամի տուգանք: Տնտեսվարող սուբյեկտները տուգանվել են ցուցանակներում ու գովազդներում հայերեն մակնշման բացակայության համար:

Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը չորեքշաբթի օրը կայացած ասուլիսում ասաց, որ օրենսդրության անկատարության հետեւանքով իրենք չունեն այն ազդեցիկ դերն ու դիրքը, որն անհրաժեշտ է: Ըստ Երիցյանի, իրենք չունեն օրենք հենց տեսչության մասին, տերմինաբանական խորհուրդը չի գործում, եւ տեսչությունն իրավունք չունի ինքնուրույն որոշելու արձանագրված խախտումների պատասխանատվության չափը:

Երիցյանը հայտարեց, որ այս երեք խնդիրների կարգավորման համար Լեզվի պետական տեսչությունը մշակել է օրենքի մի նախագիծ, որը պատրաստվում է ներկայացնել ԱԺ:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հայտնաբերված խախտումների ցանկում կա՞ն արդյոք խոշոր տնտեսվարողներ, Երիցյանը նախ փորձեց խուսափել հարցի պատասխանից, ասաց, որ չի կարող հիշել եւ հետո միայն որոշեց նշել դրանցից մի քանիսի անունները: Հարցին, թե ո՞ր տնտեսվարող սուբյեկտների առումով է «կտրում տեսչության թուրը», Երիցյանը պատասխանեց. - «Մեր թուրը բոլոր ուղղություններով կտրում է, չեմ ուզում զբաղվել որեւէ կազմակերպության գովազդով»:

«Աշխատատար է մեր գործը»,- ասաց Երիցյանն ու հավելեց, որ աշխատակիցների թիվը քիչ է, արձանագրություն կազմելու համար նրանք հաճախ ստիպված են լինում մեկ տնտեսվարողի հասցեով մի քանի անգամ գնալ, որովհետեւ տնօրենները հիմնականում տեղում չեն լինում, հաճախ բացակայում են քաղաքից կամ բնակվում են արտերկրում: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե չկա՞ն խախտում թույլ տված տնտեսվարողներ, որոնց կարելի է գտնել հենց Ազգային ժողովում, Երիցյանը պատասխանեց. - «Այդ խանութների տնօրենները երբեք Ձեր ասած մարդիկ չեն»:

Ինչ վերաբերում է եթերային լեզվին, ապա այստեղ նույնպես տեսչությունը որեւէ իրավունք չունի:

please wait

No media source currently available

0:00 0:04:58 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG