Մատչելիության հղումներ

Հալեպ-Երեւան չվերթի տոմսերն արագորեն վաճառվում են


Հալեպ-Երեւան չվերթով սիրիահայերի հերթական խումբը ժամանեց
please wait

No media source currently available

0:00 0:06:29 0:00
«Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում այս գիշեր հարազատները անհամբերությամբ ու անհանգստությամբ էին դիմավորում Սիրիայից Հայաստան ժամանողներին։

«Վախեցած են։ Ո՞նց պետք է լինեն։ Պայթեցրել են, կրակոցներ են եղել։ Նորմալ ոչինչ չգիտեմ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց դստերն ու թոռներին դիմավորող տիկին Հասմիկը։

«Սիրիական ավիաուղիների» Հալեպ-Երեւան հերթական չվերթով Հայաստան ժամանած պարոն Կարպիսը Հալեպում է թողել իր երկու տունը, աշխատանքը, եւ որոշել է ընտանիքով տեղափոխվել Հայաստան։

«Անցած շաբաթ իմ տիկինը շատ մեծ արկած անցկացրեց։ Այդտեղ մի բժշկի ահաբեկչություն էին անում, եւ իմ տիկինս այդտեղ էր՝ այդ կլինիկայում։ Շատ մեծ արկած․․․ », - պատմեց նա։

Պարոն Կարպիսը բնակարան է վարձել Երեւանում եւ որոշել այստեղ տեղափոխել նաեւ որդուն, որպեսզի նրան սիրիական բանակ չզորակոչեն։

«Իմ տղան ո՞նց գնա։ Մենք արդեն բանակում կորցրել ենք 6 հայ երիտասարդ։ Օրինակներ շատ կան արդեն», - ասում է նա։

«Սիրիական ավիաուղիներում» փոխանցեցին, որ այս գիշեր ժամանած 320 տեղանոց ինքնաթիռի բոլոր տոմսերը վաճառված էին դեռ ամիսներ առաջ։ Ավելին, Հալեպ-Երեւան չվերթի բոլոր տոմսերը վաճառված են մինչեւ սեպտեմբեր։

Հուլիսի 9-ից վերաբացվել է նաեւ հայկական «Արմավիա» ավիաուղիների Երեւան – Հալեպ – Երեւան չվերթը, որը չէր գործում մարտի 25-ից։ Ավիաընկերության խոսնակ Նանա Ավետիսովան «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ երկուշաբթի օրը Հալեպից Երեւան ժամանած ինքնաթիռի բոլոր՝ 104 տեղերը զբաղված են եղել։

«Հաջորդ ինքնաթիռը Հալեպից կգա երկուշաբթի։ Տոմսերը արագորեն վաճառվում են, երկու կողմից էլ պահանջարկ կա», - նշեց Ավետիսովան ու հավելեց, որ թռիչքները իրականացվելու են շաբաթական 1 անգամ եւ շարունակական են լինելու։

«Արմավիա»-ի խոսնակը նաեւ հերքեց մամուլում տարածված լուրերը, թե ընկերությունը կտրուկ բարձրացրել է Երեւան-Հալեպ չվերթի գինը` այն 119 հազարից դարձնելով 237 հազար դրամ:

«Տոմսը մեկ ուղղությամբ արժե 128 հազար դրամ։ Տատանումներ եղել են, բայց ոչ թե Սիրիայում տիրող իրավիճակի շահարկմամբ, այլ եվրոյի կուրսով եւ վառելիքի գներով պայմանավորված», - նշեց Նանա Ավետիսովան։

Սփյուռքի նախարարությունում «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ ստեղծվել է սիրիահայերի հարցերով հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ Ֆրիդուս Զաքարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե իրենք սիրիահայերին խորհուրդներ են տալիս, աջակցում կացարանի ու աշխատանքի որոնման հարցերում:

Հայաստանում ապաստան ստանալու համար այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանի միգրացիոն ծառայություն է դիմել 10 սիրիահայ: Նախորդ տարի դիմել էր 5 հոգանոց մեկ ընտանիք:

Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ նախորդ երկու տարիների համեմատ կտրուկ աճել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմող Սիրիայի քաղաքացիների թիվը:

Հայաստանի քաղաքացի դառնալու համար այս տարվա առաջին կեսին ոստիկանություն է դիմել 3 հազար 248 Սիրիայի քաղաքացի, որոնց զգալի մասը
սիրիահայեր են. սա գրեթե նույնքան է, որքան 2011 թվականի ընթացքում դիմողների թիվն է` ավելի քան 3 հազար։ Իսկ 2010 թվականին Հայաստանի
քաղաքացիություն ստանալու համար ոստիկանություն է դիմել Սիրիայի 422
քաղաքացի:

Անձնագրային եւ վիզաների վարչության վիզաների եւ օտարերկրացիների հաշվառման բաժնի պետ Արթուր Սահակյանի փոխանցմամբ, այս տարվա առաջին կեսին կացության մշտական կարգավիճակ է ստացել 88 սիրիահայ: Միայն վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում կացության կարգավիճակ է ստացել 300 սիրիահայ:


please wait

No media source currently available

0:00 0:06:00 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG