Մատչելիության հղումներ

Բուրանովո գյուղում «կյանքը փոխվեց կայծակնային արագությամբ»


«Բուրանովսկիե բաբուշկի» խումբը
«Բուրանովսկիե բաբուշկի» խումբը
Ընդամենը կես տարի առաջ Բուրանովո գյուղի անունը անծանոթ էր անգամ ռուսաստանցիներից շատերին, այսօր, սակայն, երբեմնի այդ խուլ բնակավայրի մասին գիտեն միլիոնավոր մարդիկ՝ շնորհիվ մի քանի տատիկների, որոնք մայիսին «Եվրատեսիլ»-ում ոտք մեկնեցին Եվրոպայի երիտասարդ ու տաղանդավոր երգիչների հետ՝ Party for Everybody երգով։

Մոտ երեք րոպե տեւողությամբ այս կատարումը այսօր արդեն Youtube-ում 100 միլիոնից ավելի մարդ է դիտել, իսկ տատիկների հայրենի Բուրանովո գյուղում կյանքը փոխվել է կայծակնային արագությամբ՝ գրել է The New York Times-ը։

«Տասնամյակներ շարունակ Բուրանովոն դասվում էր Ռուսաստանի հեռավոր եւ դատարկվող գյուղերի շարքում, որտեղ կոլտնտեսությունները սնանկանում են, տները՝ հետզհետե թեքվում ու խարխլվում, տեղական խանութներում էլ ամենից շատ օղի էր վաճառվում։ Թվում էր, թե աղետալի այս շրջապտույտը որեւէ կերպ հնարավոր չէ կանգնեցնել, սակայն ութ տարեց կանայք անհնարինը դարձրին հնարավոր», - փաստում է ամերիկացի լրագրողը:

«Բուրանովսկիե բաբուշկի» («Բուրանովյան տատիկներ») խմբի` այս տարվա «Եվրատեսիլ»-ում երկրորդ տեղը զբաղեցնելուց հետո տեղական իշխանությունները որոշել են գյուղի համար ջրամատակարարման համակարգ կառուցել, գյուղի միակ միջնակարգ դպրոցն ապահովել ինտերնետով ու վերականգնել վաղուց արդեն քանդված ճանապարհները։

«Սա Աստծո կողմից մոռացված վայր էր՝ մինչեւ տատիկների բեմ բարձրանալը», - The New York Times-ն ասել է գյուղի բնակիչներից մեկը՝ ցույց տալով փողոցում իր տան կողքին սկսված շինարարությունը։

Իսկ ամեն ինչ սկսվել է հրաշքից. համենայնդեպս, այդպես է պնդում խմբի ղեկավարը՝ Օլգա Տուկտարեւան։ Վերջինիս խոսքով, տարիներ առաջ՝ 2008 թվականին, ինքը քայլելիս է եղել գյուղով, ընկերուհուն ցույց տվել Ստալինի օրոք քանդված եկեղեցին ու սրտի ցավով արձանագրել, որ այժմ այլեւս հնարավոր չէ գումարներ հայթայթել՝ այն վերականգնելու համար։ «Հենց այդ բառերի վրա հեռախոսս զանգեց, եւ մոսկվացի պրոդյուսերներից մեկն առաջարկեց, որ բուրանովյան տատիկները նավթային ընկերություններից մեկի աշխատակիցների համար իրենց հայրենի ուդմուրտերենով կատարեն Queen-ի We are the Champions երգը», - պատմել է Տուկտարեւան։ «Մենք պատրաստ ենք դրա համար ձեզ լավ վարձատրել», - նրա փոխանցմամբ` ասել է պրոդյուսերը։

Այդ օրվանից խմբի անդամները հատուկ հաշվեհամար են բացել՝ եկեղեցին նորոգելու համար, եւ հաջողություններ արձանագրել մի շարք բեմերում, այդ թվում` «Եվրատեսիլ»-ում։

«Մենք միշտ հավատացել ենք Աստծուն, ես ինքս մշտապես երազել եմ, որ մեր գյուղում երբեւէ ինչ-որ բան փոխվի, սակայն պատկերացնել անգամ չէի կարող, որ այդ փոփոխությունը կսկսենք մենք, եւ մի օր նույնիսկ կսկսենք եկեղեցին նորոգել», - The New York Times-ին ասել է Բուրանովոյի տատիկներից մեկը` 60-ն անց Ալեւտինա Բեգիշեւան։

please wait

No media source currently available

0:00 0:02:45 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG