Մատչելիության հղումներ

Ռուսական Wikipedia-ն բողոքում է սպասվող սահմանափակումների դեմ


Հուլիսի 10-ին այսպիսի բովանդակություն ուներ ռուսական Wikipedia-ի կայքը
Հուլիսի 10-ին այսպիսի բովանդակություն ուներ ռուսական Wikipedia-ի կայքը
Օնլայն հանրագիտարանի` Wikipedia-ի ռուսական ru.wikipedia.org կայքը բացելու դեպքում այժմ այնտեղ կարելի է տեսնել գիտելիքներ ստանալու ազատությունները սահմանափակելու մասին ընդգծված զգուշացում։

Ռուսական Wikipedia-ն երեկ ժամանակավորապես փակել էր իր էջը` այդպիսով հայտնելով իր բողոքը Ռուսաստանի խորհրդարանում քննարկվող «Ինֆորմացիայի մասին» օրենքի նախագծի դեմ։

Կայքի պատասխանատուները հայտարարում են, որ օրենքի փոփոխությունը կարող է անօրինական գրաքննություն մտցնել ամբողջ ռուսալեզու ինտերնետում, փակել մուտքը դեպի ռուսական Wikipedia:

Ռուսական Wikipedia-ն զգուշացրել է, որ օրենսդրական փոփոխությունը առաջարկում է կառուցել «Չինական մեծ պատի ռուսական տարբերակը»` նկատի ունենալով, որ Չինաստանի ղեկավարությունը վերահսկում եւ գրաքննում է ինտերնետը։

Օրինագիծը առաջին ընթերցմամբ Պետդումայում քննարկվել է հուլիսի 6-ին։ Նախագծով առաջարկվում է ստեղծել դաշնային ռեգիստր, որը կհետեւի կայքերի բովանդակությանը, ներառյալ` իրավունք կունենա կայքերի սեփականատերերին եւ փրովայդերներին կարգադրել, որ փակվեն արգելված, վնասակար ինֆորմացիա տարածող կայքերը։

Բայց ռուսական Wikipedia-ն գտնում է, թե մեծ է հավանականությունը, որ նման ձեւով, այդ սցենարով, երկրով մեկ կփակվի Wikipedia-ի հասանելիությունը։

Ռուսական Wikipedia-ի գործադիր տնօրեն Ստանիսլավ Կոզլովսկին երեքշաբթի օրը Մոսկվայում “Дождь” հեռուստաընկերությանը ասել է. - «Որոշ երկրներ ունեն նման կարգավորում, բայց դրանք այնպիսի երկրներ են, ինչպիսիք են` Չինաստանը, Հյուսիսային Կորեան»։

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը երեքշաբթի օրը ասել է, որ ինտերնետում իբր վնասակար, արգելված բովանդակությանը հետեւող ազգային նոր ռեգիստր ձեւավորելու` Ռուսաստանի պլանները կարող են սահմանափակել ինտերնետի ազատությունը։ Օրենքի փոփոխությունը ենթադրում է լրացուցիչ սահմանափակումների կիրառում առանց դատական որոշումների կամ դատավարական գործընթացների։

Ռուսաստանում ինտերնետը ծայրահեղ կարեւոր դեր ունի ընդդիմության հայացքները տարածելու համար սոցիալական ցանցերի միջոցով` ներառյալ Facebook-ը, Twitter-ը եւ Live Journal-ը, ինչպես նաեւ օգտագործվում է` համակարգելու համար Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի եւ նրա դաշնակիցների շարունակվող իշխանության դեմ բողոքող խմբերի ակցիաները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG