Մատչելիության հղումներ

Հուլիսի 11-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Համակարգային փոփոխություններ, ավազակապետության կազմաքանդում, Ավգյան ախոռների մաքրում եւ այլն ոչ մի անհատ չի կարող ապահովել։ Որովհետեւ այդ ախոռները մեր գլխում են, մեր գիտակցության մեջ։ Երբ փողոցում ինձ ճանաչող մարդկանց 90 տոկոսը ինձ տալիս է միեւնույն հարցը` «բա մեր վերջը ի՞նչ է լինելու», ես հասկանում եմ, որ «մտքի ախոռը» հենց դա է` կրավորական, թուլակամ, խեղճուկրակ մարդու դիրքորոշում, որ նստած սպասում է, թե երբ է իր վերջը գալու, վստահ է, որ այդ վերջը վատն է լինելու եւ ցանկանում է ինձնից լսել իր հոռետեսական կանխատեսումների հաստատումը։ Զարմանալի՞ է, որ այդպիսի մարդիկ սպասում են մեկին, ով կլուծի իրենց խնդիրները, ինչ-որ մի բան կնվիրի նրանց` աշխատատեղ, տանիք, վերելակ, թեկուզ 10 հազար դրամ։ Ինչը եւ ստանում են, որից հետո զարմանում են, թե ինչու ունեն այսպիսի իշխանություն, որն «իրենց մասին չի մտածում»։ Եթե դու ինքդ քո մասին չես մտածում եւ սպասում ես աղետալի «վերջին», ապա ինչո՞ւ որեւէ մեկը պետք է դա անի քո փոխարեն»։

«Չորրորդ ինքնիշխանություն»-ում կարդում ենք. - «Լավ, ի վերջո պե՞տք է քաղաքականացնել «Հարսնաքար»-ի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները, թե՞ պետք չէ: Եվ այսպես` հարցը չի քաղաքականացվում: Օլիգարխի թիկնապահները ծեծելով մարդ են սպանել` բան չկա, օլիգարխը ներողություն կխնդրի, մանդատը վայր կդնի, եւ կարելի է հարցը փակված համարել: Հետո որեւէ իրավապաշտպանի կչափալախի` էլի պրոբլեմ չկա. նորից ներողություն կխնդրի, գուցե մի քիչ էլ նյութապես փոխհատուցի, ու հարցը փակված է: Հիմա հարցին նայենք այլ տեսանկյունից: Իշխանությունների համար «Հարսնաքար»-ի ողբերգությունը, իհարկե, շատ ծանր հարված էր: Բայց ոչ թե այն պատճառով, որ նրանք սգում են երիտասարդ բժշկի մահը, այլ որովհետեւ վախենում են, որ դրա արդյունքում առաջիկա ընտրություններում պրոբլեմներ կունենան: Այսինքն` իշխանությունների քայլերի մոտիվացիան քաղաքական է: Ստեղծված «բեսպրեդելի» արմատներն էլ են քաղաքական: Քոչարյանի թիկնապահները «Պապլավոկ»-ում ծեծելով մարդ սպանեցին, եւ ոչ մեկը չպատժվեց, մինչդեռ եթե նույն բանը անեին, ասենք, լիմոնադի ցեխի վարիչի թինապահները, հաստատ մինչեւ հիմա բանտում նստած կլինեին: Այսինքն` պատճառը հանցագործի քաղաքական կարգավիճակն էր»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Ամեն անգամ նախագահական ընտրություններից առաջ հանրությունը հետաքրքրությամբ, նույնիսկ մի տեսակ հաճույքով է հետեւում, թե ինչպես են ընդդիմադիր քաղաքական ուժերը (կամ ինչպես հիմա են իրենք իրենց բնութագրում` ոչ իշխանական ուժերը: Հասկանալի է, ԲՀԿ-ի պատվին) սկսում լարված մտորել նախագահի միասնական թեկնածուի հարցի շուրջ: Այս անչափ պատասխանատու, միաժամանակ նուրբ գործընթացն իսկապես հետաքրքրում է հանրությանը: Սկսվում է մի գործընթաց, որի վերջաբանը, անշուշտ, հայտնի է հանրությանը, սակայն նրան գրավում է այդ գործընթացի մեկնարկից մինչեւ ավարտն ընկած ժամանակահատվածում ընդդիմադիր ուժերի միջեւ շարունակվող ծանր բանակցությունների «մանրամասն» դիտումը: Համաձայնեք, որ նախագահական ընտրություններից առաջ ավելի հետաքրքրաշարժ տեսարան չի կարող լինել, քան միասնական թեկնածուի հարցի շուրջ սկզբում գաղտնի, այնուհետ հրապարակային քննարկումները, որ նախաձեռնում են ընդդիմադիր ուժերը»:

Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, ՀԱԿ-ի նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը զրուցել է «Ժողովուրդ» թերթի թղթակցի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ի՞նչն է պատճառը, որ ՀԱԿ-ը լքողները օրեցօր ավելանում են»: Պատասխան. - «Պատճառն այն է, որ ՀԱԿ-ի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը, հիմա հետադարձ հայացքով որ նայում եմ, ըստ երեւույթին, 2008-ի մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո մեկ այլ կուրս է վերցրել, որը չի ենթադրում պայքար, որը չի ենթադրում ինքնամոռաց պայքար, այլ ենթադրում է ինչ-որ համաձայնություններ, ինչ-որ ներքին պայմանավորվածություններ, որից բխում է ժողովրդին ճշմարտությունը չասել կամ ողջ ճշմարտությունը չասել: Եթե չհաշվենք մի քանի ֆանատների եւ մի քանի վճարովի լրագրողների դիրքորոշումը, համարյա բոլորին պարզ է, որ հիմա, ըստ էության, ռեժիմի դեմ պայքարի մասին խոսք չկա, եւ, բնականաբար, այդպիսի կառույցից հեռանան, ոչ թե մնան»:

«Հրապարակ»-ի հոդվածագիրը գրում է. - «Մամուլում հրապարակվել է Արցախյան պատերազմի «100-ից ավելի մասնակիցների ստորագրությամբ», իրականում անստորագիր «Կոչ»: Այն ուղղված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Իմաստն այն է, որ նա «չպաշտպանի ԼՂՀ նախագահի թեկնածուներից ոչ մեկին»: Աչքի է զարնում երկու հանգամանք: Նախ, ինչո՞ւ են հեղինակները կարծում, որ ՀՀ նախագահի անձնական նախասիրությունը կարող է վճռական լինել: Երկրորդ, ըստ էության «Կոչը» կրկնում է իրավիճակի վերաբերյալ ԼՂՀ նախագահի թեկնածուներից մեկի` Վիտալի Բալասանյանի գնահատականները: Նույնիսկ` բառացիորեն: Ավելի ազնիվ չէ՞ր լինի, եթե Արցախյան պատերազմի «100-ից ավելի մասնակիցները» հանդես գային հայտարարությամբ, որ պաշտպանում են Վիտալի Բալասանյանի թեկնածությունը եւ հուլիսի 19-ին քվեարկելու են նրա օգտին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG