Մատչելիության հղումներ

logo-print

«Գլորվող քարերի» առաջին համերգը տեղի է ունեցել 1962 թվականի հուլիսի 12-ին Լոնդոնի «Մարքի» ակումբում։

Առաջին ունկնդիրները ծնվել են 2-րդ աշխարհամարտի օրերին

Մոլորակի ամենահայտնի ռոք-խմբերից մեկը` «Ռոլինգ Սթոունզը», ըստ էության, այդ ժանրի հիմնադիրներից է։ Խումբը սահմանել, ապա գերազանցել է անհաշիվ ռեկորդներ։

Պատկերացնո՞ւմ եք, առաջին համերգը տեղի է ունեցել հիսուն տարի առաջ։ Մեր այսօրվա ջահել ընթերցողների ծնողներն այն ժամանակ մսուր-մանկապարտեզ են հաճախել։ Իսկ այդ արդեն հեռավոր 1962-ի հուլիսի 12-ին Լոնդոնի «Մարքի» ակումբում (Marquee Club) ռոլինգներին առաջին անգամ տեսած 18-20 տարեկան մարդիկ, փաստորեն, ծնվել են Երկրորդ աշխարհամարտի ամենածանր տարիներին, երբ ոչ ոք Մեծ Բրիտանիայում չէր կարող վստահ պնդել, որ դեմոկրատական երկիրը կփրկվի, իսկ հրեշի խորհրդանիշ ֆյուրերն իր որջում կկործանվի։

1960-ականները` արվեստի զարգացման տարիներ

Անցած դարի 60-ականների սկիզբը ամբողջ ազատ աշխարում նոր արվեստի, նոր փիլիսոփայության, երիտասարդական նոր շարժման ժամանակն էր։ Ռոքն էլ դրա զավակն էր։

50 տարի առաջ երաժիշտները «Մարքի» ակումբում ներկայացել են որպես «The Rollin' Stones»։ Անուն են ընտրել են ամերիկացի սեւամորթ հանճարեղ բլյուզմեն Մադի Ութերզի «Rollin’ Stone» երգի վերնագիրը։

«A rollin' stone»` «գլորվող քար», սլենգով այդպես են անվանում տեղում չնստող, անվերջ ինչ-որ արկածներ որոնողի մասին։

«Գլորվող քարը չի մամռակալում»

Կա նաեւ hին անգլերեն ասացվածք` «a rolling stone gathers no moss»` «գլորվող քարը չի մամռակալում»։ Մի խոսքով, տիտիկ չանողներ են այդ ռոլլինգները։

Միք Ջեգեր` երգիչ, Քեյթ Ռիչարդզ` կիթառահար, Բրայան Ջոնս` կիթառ (նա վախճանվել է 1969-ին), Իեն Սթուարթ` ստեղնային, Դիք Թեյլոր` բաս-կիթառ, Թոնի Չեփմեն` հարվածող։

Հետագայում կազմը փոխվել է, բասը վստահել էն Բիլ Ուայմանին, հարվածողն է դարձել Չարլի Ուոթսը, տարբեր տարիներին ռոլինգներին միացել են կիթառահարներ Միք Թեյլորը, ապա կիթառահար Ռոնի Վուդը։ Այսօր ակտիվ ռոլինգներից են Միքը, Քեյթը, Չարլին եւ Ռոնը։

Առաջին անգամ լուծարվելու մասին հարցրել են 1965-ին

Ռոք-աշխարհում կա մի հայտնի պատմություն, իրական հարցազրույց. 80-ական թվականներին Միք Ջեգերին մամլո ասուլիսում հարցրել են, թե ե՞րբ է խումբը լուծարվելու։ Նա պատասխանել է.- «Գիտեք, առաջին անգամ ինձ այդ հարցը տվել են 1965-ին»։

1989 թվականին խմբի անունը հավերժացրել են Ռոք-ն-Ռոլի Պատվո սրահում։

Այսօր «Մարքի» ակումբում բացվեց առաջին համերգին նվիրված լուսանկարների ցուցահանդես։ Տարվա ընթացքում կլինեն բազում այլ միջոցառումներ, իսկ երաժշտական աշխարհում անհամբեր սպասում են ամենակարեւոր լուրին` ասում են, թե ռոլինգները 2013-ին այնուամենայնիվ կհայտարարեն համաշխարհային համերգաշրջան սկսելու մասին, գուցե այն իսկապես վերջինը լինի, ո՞վ իմանա, երեւի, նույնիսկ իրենք` Երկիր մոլորակի աննման «գլորվող քարերը» դա չգիտեն։

«Ընդամենը ռոք-ն-ռոլ է, բայց մեր դուրը գալիս է»

Նրանց հայտնի երգերի ցանկը անսահման է, ամենաճանաչվածներից մեկը «It's Only Rock N Roll»-ն է։

«I know it's only rock'n roll but I like it, like it, yes, I do», «Ես գիտեմ, որ սա ընդամենը ռոք-ն-ռոլ է, բայց դուրս գալիս է»։ Ավելացնենք` ռոք-ն-ռոլի բոլոր երկրպագուներին է դուր գալիս։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG