Մատչելիության հղումներ

logo-print
Նախորդ տարվա վերջին եւ այս տարվա առաջին ամիսներին Արեւելյան գործընկերության երկրներում տեղի ունեցած զարգացումներն ամփոփող ինդեքսի համաձայն, Արեւելյան գործընկերության անդամ երկրների շարքում կատարած բարեփոխումներով Հայաստանը 6 երկրների շարքում 4-րդ տեղում է եւ առաջ է անցել միայն վատագույն ցուցանիշներ ապահոված Ադրբեջանից ու Բելառուսից։

«Հայաստանի ամենակարեւոր եւ ակնհայտ փորձարկումը կապված էր մայիսի խորհրդարանական ընտրությունների հետ: Այն լուրջ ազդակ դարձավ` հասկանալու համար, թե որքանով է Հայաստանը պատրաստ մոտենալ Եվրամիությանը», - ասված է զեկույցում։

Արեւելյան գործընկերության երկրների եվրոպականացումը հաշվող այս ինդեքսը արձանագրում է, որ գործընկերության անդամ 6 երկրներից 3-ը` Մոլդովան, Վրաստանն ու Ուկրաինան, հստակ եվրոպական նկրտումներ ունեն, մինչդեռ Հայաստանը, Ադրբեջանը եւ Բելառուսը պակաս ակնհայտ ձգտումներ ունեն դեպի ԵՄ: Ինդեքսի հայաստանյան մասի հեղինակներից մեկը` Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց, թե ինչով է բացատրվում Հայաստանի ոչ առաջատար դիրքը ինդեքսում:

«Այն երեք երկրները, որոնք Հայաստանից առաջ են եվրաինտեգրացիայի առումով, իրենք այս կամ այն փուլերում հստակ արտահայտել են իրենց ցանկությունը Եվրամիության անդամ դառնալու համար», - նշեց Նավասարդյանը, - «Հայաստանը այդ առումով հստակ դիրքորոշում եւ կողմնորոշում առայժմ չի դրսեւորել, չնայած մենք հասկանում ենք, որ ամեն ինչ չասելով՝ դեպի Եվրոպա մեր զարգացման վեկտորը գնալով ավելի է ակտիվանում, եւ եթե լսենք տարբեր եվրոպական չինովնիկների, ապա, գոնե վերջին 1-1.5 տարվա տվյալներով, Հայաստանը երկրորդն է դինամիկայով»։

Չնայած 2012-ի խորհրդարանական ընտրությունները քննադատվեցին նշանակալի թերությունների համար, այդուամենայնիվ միջազգային դիտորդներն արձանագրել են, որ 2008-ի ընտրությունների համեմատ, այս տարվա ընտրությունները առաջընթաց են ապահովել:

Ինդեքսի հեղինակները արձանագրում են, որ կուսակցությունների եւ թեկնածուների համար հավասար պայմաններ են ապահովվել նախընտրական քարոզարշավի ընթացքում, բռնության դեպքերը անհամեմատ քիչ էին` նախորդ ընտրությունների համեմատ։ Միեւնույն ժամանակ, նշվում է, որ վարչական ռեսուրսների չարաշահումը, ձայների գնումն ու քաղաքական ճնշումները ավելի մեծ են եղել, քան նախորդ ընտրություններում: Եվրոպացի հետազոտողների այս կոշտ գնահատականը ավելի քան համարժեք է` կարծում է Բորիս Նավասարդյանը:

«Երբեք այդքան համարժեք չի եղել մեր ընտրությունների գնահատականը, ինչպես հիմա։ Եվ դա ապացուցում է, որ ինչքանով դու ցանկություն ես հայտնում մոտենալ եվրոպական կառույցներին, այդքան ուշադիր եւ խստապահանջ են լինում՝ գնահատելով քո ընտրությունները», - ասում է նա։

Այս տարվա խորհրդարանական ընտրությունները տեղ են գտել ինդեքսի միայն վերլուծական մասում եւ ազդեցություն չեն ունեցել թվային տվյալների վրա, որոնց արդյունքում Հայաստանը հայնտվել է 4-րդ հորիզոնականում: Դրանք հաշվի կառնվեն նախագահական ընտրությունների արդյունքների հետ միասին հաջորդ տարվա ինդեքսում` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Բաց հասարակության ինստիտուտի Բրյուսելի գրասենյակի ավագ քաղաքական վերլուծաբան, ինդեքսի պատասխանատու Վիորել Ուրսուն։

«Մենք արդեն մանրամասն հարցաշար ունենք ընտրությունների վերաբերյալ, որը պետք է լրացնեն թե՛ տեղական փորձագետները, թե՛ ստուգվեն միջազգային կազմակերպությունների կողմից: Վերջնական զեկույցը, գնահատականը մենք կունենանք ավելի ուշ», - նշեց Ուրսուն։

XS
SM
MD
LG