Մատչելիության հղումներ

ԴԱՀԿ-ն առաջարկում է խստացնել գրավադրման պայմանները


ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյան
ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյան
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (ԴԱՀԿ) մտադիր է հանդես գալ մի նախաձեռնությամբ, որով հնարավոր կլինի վերցրած վարկերը մարել չկարողացող քաղաքացիներին չզրկել նրանց միակ կացարանից:

Այս մասին երեքշաբթի օրը մամուլի ասուլիսում հայտարարեց ծառայության պետ, Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը: Նա ասաց, որ իրենց առաջարկություններով նախագիծը պատրաստման փուլում է: Այն ավարտուն տեսքի կբերվի այս տարի, որից հետո արդեն կքննարկվի նմանօրինակ օրենքի ընդունման հարցը:

Պողոսյանն առաջարկում է, որ վարկ հատկացնող կազմակերպությունը մեկ բնակարանն ունեցող քաղաքացուն վարկ չտրամադրի, կամ էլ տրամադրելու դեպքում այդ բնակարանը որպես գրավի առարկա չընդունի: Պողոսյանի խոսքով, ավելի լավ է վարկատու կազմակերպությունները նման քաղաքացիներին վարկ չհատկացնեն, քան վերջիններս հայտնվեն անտունի կարգավիճակում:

«Միգուցե բանկերը կսկսեն վարկ տրամադրել` արդեն հաշվի առնելով կոնկրետ անձի աշխատունակությունը, որտեղ է աշխատում, այլ ոչ թե ինչքան գույք ունի, ինչպես շատ նորմալ երկրներում է արվում», - առաջարկում է ԴԱՀԿ պետը:

Հայաստանի գլխավոր հարկադիր կատարողը ասաց, որ ավելացել է այն քաղաքացիների թիվը, ովքեր իրենց միակ բնակարանի գրավադրման դիմաց վերցրած գումարները ժամանակին չեն կարողանում հետ վերադարձնել ու արդյունքում հայտնվում են փողոցում: ԴԱՀԿ տվյալներով, այս տարվա կեսին հարուցված ավելի քան 51 հազար կատարողական վարույթներից ավելի քան հազարն առնչվում է գույքից զրկելուն:

«Մարդուն տնից հանում ես եւ ինքը չգիտի, թե որտեղ պետք է ապրի, մանավանդ եթե բարեկամ չունի: Մենք շատ ժամանակ տարել ենք ինքներս հանրակացարաններում ենք տեղավորել մարդկանց, խղճի խայթ է... հասկացանք, դա մեր ֆունկցիան է, մենք պիտի վտարում կատարենք, բայց նաեւ կա մարդկային գործոնը, եւ դա էլ պետք է հաշվի առնենք», - ասաց Պողոսյանը:

Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ, «Գառնի» ինվեստ վարկային կազմակերպության տնօրեն Բագրատ Ասատրյանը համարում է, որ սա ընտրություններից առաջ արվող պոպուլիստական նախաձեռնություն է: Ըստ Ասատրյանի` այն իր վտանգավոր ազդեցությունը կթողնի Հայաստանի տնտեսության վրա, շուկան դրանով որակական տեղաշարժերի կենթարկվի, կսահմանափակվի ազատ ձեռներեցությունը, ինչն առաջին հերթին վնաս կհասցնի հենց քաղաքացիներին:

«Գաղտնիք չէ, որ մեր քաղաքացիների զգալի մասի միակ սեփականությունը բնակելի տարածքն է, այլ կուտակումներ կամ այլ սեփականություններ քաղաքացիները չունեն: Նախ եւ առաջ սրանով իսկ այդ քաղաքացիները հավանաբար դուրս կմղեն ակտիվ տնտեսական շրջանառությունից, որովհետեւ ոչ մի ֆինանսական հաստատություն առանց որեւէ գրավի վարկավորում չի իրականացնի: Այնպես որ չի կարելի միանշանակ գնահատել, որ սա լավ եւ կարող է դրական ազդեցություն ունենալ: Ավելի բացասական հետեւանքներ կունենա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ասատրյանը` հավելելով, որ դա կարող է ազդել նաեւ պետական բյուջեի եկամուտների վրա. - «Զրկել բանկերին կամ վարկային կազմակերպություններին այդպիսի հնարավորություններից, նշանակում է ուղղակի կտրել բյուջեի եկամուտի աղբյուրներից մեկը: Մի մոռացեք, որ խնդիրները երկկողմանի են»:

please wait

No media source currently available

0:00 0:04:05 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG