Մատչելիության հղումներ

Հայաստանն իր միջոցառումն է ունեցել «Ռիո+20»-ում


«Ռիո+20» գագաթնաժողովի մասնակիցների ասուլիսը:
«Ռիո+20» գագաթնաժողովի մասնակիցների ասուլիսը:
Բրազիալիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում անցած ամիս կայացած «Ռիո+20» գագաթնաժողովում Հայաստանի պատվիրակությունը անցկացրել է սեփական միջոցառումը:

ՄԱԿ-ի այս գագաթնաժողովը նվիրված էր կայուն զարգացմանն ու դրան առնչվող խնդիրներին:

«Գագաթնաժողովը եզակի հնարավորություն ընձեռեց այս խնդրում նոր դինամիկ մոդելի անցման ուղղությամբ», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գեռչեւան:

Հայաստանի պատվիրակության անցկացրած միջոցառումը կոչվում էր «Կայուն զարգացման համաթվի մեթոդաբանությունը. հնարավոր տարբերակներ»:

Ինչպես փոխանցեց Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Գեւորգյանը, այս մեթոդաբանությունը մշակվել է երկար տարիների ընթացքում եւ միջազգային այս ատյանում արժանացել է բարձր գնահատականի:

«Աշխարհում այսօր այդ մեդոթաբանությունը դեռ մշակված չէ: ՄԱԿ-ը նույնպես իր բոլոր կառույցներով շահագրգռված է այդպիսի մեթոդաբանություն ունենալու համար, եւ մենք առաջինը փաստորեն ներկայացրեցինք այդպիսի բարձր ատյանում», - ասաց Գեւորգյանը:

Գագաթնաժողովին Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է նաեւ ազգային զեկույցը, որում հարկավոր էր գնահատել այս ոլորտում վերջին 20 տարիների ձեռքբերումները, սահմանել խնդիրները:

Զեկույցում խոսվում է սոցիալ-տնտեսական, շրջակա միջավայրի խնդիրների, պետական կառույցների եւ հասարակական կազմակերպությունների համագործակցության մասին: Կա առանձին կետ` նվիրված «կանաչ տնտեսությանը»:

Ասուլիսին մասնակցող Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը ասաց, թե որոշակի դրական փորձ այդ ուղղությամբ ունենք, բայց Հայաստանը չունի համապատասխան օրենդրական դաշտ, որը կխթաներ կանաչ տնտեսության զարգացումը:

Թեեւ մեր հասարակությունն այսօր հաճախ է բողոքում, թե Հայաստանում պակասում են կանաչապատ տարածքները` Պապյանի փոխանցմամբ, կան նաեւ ձեռքբերումներ, որոնք ամրագրված են ազգային զեկույցում. - «32 հազար հեկտար անտառվերականգնում է կատարվել այս տարիների ընթացքում: Դրա հետ մեկտեղ ունենք նաեւ բացասական զարգացումներ, որոնք այս դրական ֆոնը վատացրել են: Եվ այս ազգային զեկույցում հատուկ ուշադրություն է դարձված այդ չլուծված խնդիրների վրա»:

Հարցին, թե հնարավոր է, որ ձեռքբերումներ լինեն նաեւ սոցիալ-տնտեսական ոլորտում, եթե հասարակությունը, բնապահպանականներից զատ, կազմակերպի նաեւ սոցիալ-տնտեսական ուղղություն ունեցող ակցիաներ, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիա նախագահ, «Ռիո+20»-ի մասնակից Կարինե Դանիելյանը պատասխանեց. - «Ես շատ մեծ հույսեր եմ կապում մեր երկրի ապագայի հետ, հենց այն երիտասարդների հետ, որոնք բնապահպանական շարժումը, սոցիալական շարժումը հիմա իրականացնում են: Եվ պատահական չէ, որ ՄԱԿ-ի կառույցները դիմել էին երկրներին` առաջարկելով «Ռիո+20»-ին ներգրավել երիտասարդական շարժման ներկայացուցիչներին»:

please wait

No media source currently available

0:00 0:04:33 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG