Մատչելիության հղումներ

logo-print
Հայտնի գործարար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը իր ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի գործով հարցաքննվել է որպես վկա։ Այդ մասին երեքշաբթի օրը լրագրողներին հայտնեց նախաքննական մարմինը ներկայացնող` Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի վարչության պետ Արսեն Այվազյանը։

Նրա պնդմամբ` չկա որեւէ հիմք Հայրապետյանին որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավվելու համար։

«Ոչ տուժողները, ոչ մեղադրյալները, ոչ վկաները իրենց ցուցմունքներում Ռուբեն Հայրապետյանի մասնակցության վերաբերյալ որեւէ տվյալ չեն հայտնել», - նշեց Այվազյանը։

Նախաքննությունը պարզել է, որ Ռուբեն Հայրապետյանը հունիսի 17-ին ամբողջ օրը Երեւանում չի եղել` եղել է Սեւանում, ապա ժամը 19-ի սահմաններում վերադարձել է «Հարսնաքար» համալիր, մոտ 30 րոպե մնացել է այնտեղ, ինչից հետո գնացել է հարեւանությամբ գտնվող Ֆուտբոլի ակադեմիա եւ բուն դեպքի պահին «Հարսնաքար»-ում չի եղել։

Ոստիկանությունը դիմել է հեռախոսային օպերատորներին ու առաջիկա օրերին հնարավորություն կունենա վերծանել կալանավորվածների հեռախոսազանգերը, ինչը հնարավորություն կտա ճշտել մամուլում շրջանառվող լուրերը, որ միջադեպի ընթացքում Ռուբեն Հայրապետյանը հեռախոսային կապի մեջ է եղել ռեստորանի անվտանգության աշխատակիցների հետ:

Ինչ վերաբերում է հրապարակված տեսանյութերին, որոնցում երեւում է, որ «Հարսնաքար»-ի անվտանգության աշխատակիցներից մեկը, մասնավորապես, պարբերաբար ուղեկցում է Ռուբեն Հայրապետյանին, այսինքն` կարող է եւ նրա անձնական թիկնապահը լինել, Արսեն Այվազյանը չհերքեց դա` նշելով միայն, որ բոլոր ձերբակալված անվտանգության աշխատակիցները գրանցված են որպես «Հարսնաքար» համալիրի աշխատակիցներ, պարզապես նրանցից մեկը երբեմն, որոշ միջոցառումների ժամանակ ուղեկցել է Ռուբեն Հայրապետյանին։

Մինչդեռ հատկանշական է, որ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշել է, որ կալանավորվածների մեջ կան հենց Հայրապետյանի անձնական թիկնազորի անդամներ: Լրագրողներից մեկը փորձեց ճշտել արդյոք կան ճնշումներ նախաքննական մարմնի վրա` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ներսես Նազարյանը եւ Ռուբեն Հայրապետյանը քավոր-սանիկ հարաբերությունների մեջ են.
«Քննչական գլխավոր վարչությունը ինքնուրույն ստորաբաժանում է, ենթարկվում է միայն ոստիկանապետին, հետեւապես ձեր ասած հարաբերություններից բխող ճնշում պարզապես չկա, հնարավոր չէ նման բան», - արձագանքեց քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի վարչության պետը։

Քանի որ Հայրապետյանը գործով վկա է, իսկ կալանավորվածները ընդամենը ռեստորանի աշխատակիցներ, ուստի ըստ Արսեն Այվազյանի, գործը հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին խոսք անգամ չի կարող լինել:

Այն հատվածը, որտեղ տեղի ունեցել ծեծը չի տեսանկարահանվում: Իսկ ռեստորանի ներսում այդ օրը տեսախցիկների միջոցով միայն տեսահսկում է իրականացվել, սակայն չի տեսագրվել, քանի որ, ինչպես Այվազյանը բացատրեց, սարքերը այդպիսի հնարավորություն չունեն:

Գործով տուժող, ռեստորանում դաժան ծեծի ենթարկված զինվորական բժիշկ Արտակ Բայադյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ իրենց 10-ից 15 հոգի են ծեծի ենթարկվել, մինչդեռ կալանավորված են վեցը: Նախաքննական մարմինը ծեծի մասնակիցների մեծ թիվը դիտարկում է որպես վարկած։

«Քանի որ նախաքննությունը դեռ չի ավարտվել, ես այս հարցին կատեգորիկ պատասխանել այս պահին չեմ կարող, բայց, ըստ քրեական գործի ներկա փուլում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության, ծեծի ենթարկողները եղել են 6 հոգի», - ասաց Այվազյանը։

Բոլոր վեց կալանավորվածներին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2 մասի առաջին եւ 6-րդ կետերով` դիտավորությամբ մարմնական ծանր վնասվածքներ պատճառելը, որը նախատեսում է 5-ից 10 տարվա ազատազրկում: Հարցին, թե կվերաորակվի՞ արդյոք քրեական գործը, կփոխվի՞ արդյոք հոդվածը նախաքննական մարմինը չի շտապում պատասխանել, քանի որ սպասում է դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, պարզելու` արդյոք Վահե Ավետյանի մահը ծեծի հետեւանքով է վրա հասել, արդյոք կա անմիջական պատճառահետեւանքային կապ, եւ եթե այդ կապը հաստատվի, ապա ոստիկանությունը չի բացառում, որ, այո, կվերանայեն։ Միեւնույն ժամանակ, սակայն, Այվազյանը շեշտեց, որ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածը, որով այժմ հարուցված է քրեական գործը, ունի նաեւ կետ, որը արդեն իսկ ենթադրում է, որ դիտավորությամբ մարմնական ծանր վնասվածքներ պատճառելը կարող էր եւ անզգուշությամբ հասցնել մահվան:

Տուժողների ցուցմունքները որեւէ փոփոխության չեն ենթարկվել այսօր վստահեցրեց նախաքննական մարմինը, վկաներից եւ տուժողների անվտանգության մասով անհանգստություն չկա, նրանցից էլ խնդրանք չեն ստացել, նախաքննական մարմինն էլ նման հիմքեր չի տեսնում նրանց անվտանգությունը հսկելու համար:

XS
SM
MD
LG