Մատչելիության հղումներ

logo-print

ՀՅԴ-ն չի բացառում միասնական թեկնածուով հանդես գալու հնարավորությունը


Արմեն Ռուստամյանը (ձ) մամուլի ասուլիսում, 10 հուլիսի, 2012

Արմեն Ռուստամյանը (ձ) մամուլի ասուլիսում, 10 հուլիսի, 2012

Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) հնարավոր է համարում, որ 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին ընդդիմադիր քաղաքական ուժերը հանդես գան միասնական թեկնածուով:

«Մեզ համար ինքնանպատակ չէ ընդհանրապես առաջադրվելը, սեփական թեկնածուով մասնակցելը. մեզ անհրաժեշտ է, որպեսզի հնարավորինս մրցակցային դաշտ ստեղծենք մեր խնդիրը լուծելու համար: Որպես հիմնական ուղեգծային խնդիր` մենք մեր օրակարգում դրել ենք ամբողջական իշխանափոխության հարցը, ուրեմն մենք կգնանք դրան նպաստող ցանկացած քայլի, որպեսզի դա օր առաջ իրականցվի», - երեքշաբթի կայացած ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ում խոսքից նաեւ պարզ դարձավ, որ նշված հարցի կապակցությամբ ընդդիմադիր քաղաքական ուժերի միջեւ առաջիկայում քննարկումներ են ընթանալու:

Ռուստամյանն ասաց, թե Դաշնակցությունը ամբողջական իշխանափոխության հնարավորություն այսօր տեսնում է:

«Եթե կարողանանք համախմբել ընդդիմադիր զանգվածը, որն այսօր գոյություն ունի, իսկապես այս նախագահական ընտրությունները կարող են հենց մեր համար առաջին լուրջ խթանը եւ հնարվորություն ընձեռել ամբողջական իշխանափոխության հասնելու համար», - ասաց Ռուստամյանը` հավելելով, թե միասնական թեկնածուի հարցի կապակցությամբ Դաշնակցության դիրքորոշումը վերջնականապես կհստակեցվի առաջիկայում կայանալիք կուսակցության Հայաստանի գերագույն արտահերթ ժողովում, որը ենթադրաբար կգումարվի ընդդիմադիր այլ ուժերի հետ քննարկումներից հետո:

Անդրադառնալով միասնական թեկնածուի անձին` Ռուստամյանն ասաց, որ անձը երկրորդական նշանակություն ունի, ավելի կարեւոր է, որ այդ թեկնածուն հրապարակավ մեջտեղ բերի հետեւյալն երկու թեզերը. - «Հրաժարվել նախագահական այս համակարգից, որը պատճառ է հանդիսացել քաղաքական, տնտեսական եւ այլ մոնոպոլիաների ամրապնդմանը, անցնել խորհրդարանական համակարգին, որը թույլ կտա ապակենտրոնացնել իշխանությունը եւ հակակշռման, զսպման ժամանակակից մեխանիզմներ ներդնել երկրի քաղաքական կյանքի մեջ: Երկրորդ կարեւոր հարցը` ընդդիմությանը վերապահել իշխանություններին վերահսկելու եւ հակակշռելու հստակ լծակներ»:

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, հիշեցնենք, ՀՅԴ-ն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ Հայ ազգային կոնգրեսը համատեղեցին ջանքերը ընտրությունների վերահսկողության միասնական շտաբում: Իսկ ընտրություններից հետո ԲՀԿ-ն հրաժարվեց մաս կազմել նոր իշխող կոալիցիային, դուրս եկավ կառավարությունից:

Հարցին, թե առաջիկա նախագահական ընտրություններին միասնական թեկնածուի հարցը Դաշնակցությունը պատրաստվո՞ւմ է քննարկել ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի հետ, Ռուստամյանը պատասխանեց. - «Միասնական շտաբը իր առաքելությունը ավարտել է, միասնական շտաբ գոյություն չունի հիմա: Այժմ կա ընտրազանգվածի առկայություն. բնական է, ենթադրելի է, որ կոալիցիան կունենա իր միասնական թեկնածուն` հանձինս գործող նախագահի: Եթե իրենք ձայները գումարում եք, տեսնում եք, որ 50 տոկոս չեն: Դա նշանակում է, որ 50 տոկոսից ավելի ընտրազանգված կա, դաշտ կա, եւ ցանկացած լուրջ քաղաքական ուժ պետք է խնդիր դնի այդ դաշտը համախմբելու, որպեսզի կարողանա իսկապես իշխանափոխության խնդիրը լուծել»:

Ռուստամյանն անդրադարձավ նաեւ հուլիսի 5-8-ը Լոռիում կայացած ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովի արդյունքներին: Նա տեղեկացրեց, որ ժողովի որոշմամբ մոտ կիսով չափ փոխվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կազմը: Ռուստամյանը վերընտրվել է որպես Գերագույն մարմնի ներկայացուցիչ:

Նրան հարցրեցինք` վերջերս լրատվամիջոցներում շատ էր գրվում, որ խորհրդարանական ընտրություններից հետո Դաշնակցության ներսում հակասություններ են առաջացել, քանի որ դժգոհություններ կան ընտրություններին ՀՅԴ գրանցած արդյունքներից, միգուցե այդ պատճառո՞վ է կիսով չափ փոխվել Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի կազմը: Ռուստամյանն պատասխանեց, որ Գերագույն ժողովում բավականին սուր ու համակողմանի քննարկում է եղել ընտրություններում ՀՅԴ գրանցած արդյունքների կապակցությամբ, եւ առաջին հերթին Գերագույն մարմինը գոչ չէ այդ արդյունքներից ու բացատրել է, թե ինչու են այդպիսի արդյունքներ գրանցվել:

«Ասեն ենք` կան օբյեկտիվ պատճառներ այս ամենի հետ կապված, կան սուբյեկտիվ պատճառներ: Ժողովը վերլուծել եւ տեսել է, որ օբյեկտիվ պատճառներն իսկապես օբյեկտիվ են եղել, եւ որ կազմն էլ լիներ Գերագույն մարմնի, թերեւս մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ, նույն արդյունքը կարող էր արձանագրվել, որովհետեւ անազնիվ, անարդար պայքար է եղել: Եթե մենք որպես քաղաքական ուժ պայքարել ենք մեր ռեսուրսով, դիմացինը պայքարել է ողջ պետական ռեսուրսով», - ասաց Ռուստամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG