Մատչելիության հղումներ

«Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը նշանակալի առաջընթաց են գրանցել իրենց քաղաքացիների` տեղեկատվութան ազատության պաշտպանության եւ երաշխավորման ուղղությամբ», - ասվում է «Թրանսպարենսի Ինտերնեշնլ»-ի Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի կառույցների համատեղ ուսումնասիրության ձեռնարկում:

Նախորդ տարվա սեպտեմբերից «Թրանսափարենսի ինթերնեշնլ»-ը (ԹԻ) տարածաշրջանում ուսումնասիրություն է իրականացրել Չեխիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ եւ այժմ թողարկել է «Տեղեկատվության ազատությունը հարավկովկասյան երկրներում» ձեռնարկը:

Հայաստանում պետական կառույցների փորձարկումն անցել է հետեւյալ արդյունքներով. տեղեկատվություն տրամադրելու պահանջով 34 պետական մարմինների եւ հանրային ծառայություն իրականացնող 2 մասնավոր կառույցների ուղարկվել է ընդհանուր առմամբ 40 նամակ, որոնցում առաջադրված հարցումների 90 տոկոսին ստացվել են պատասխաններ: Մինչդեռ Վրաստանում պատասխանել են հարցումների 84, իսկ Ադրբեջանում, միայն 80 տոկոսին: Սակայն սա, ինչպես ասաց հայաստանյան ԹԻ-ի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը, դեռ որակական ցուցանիշ չէ. - «Դրանցից 10-ը առհասարակ անհասկանալի է, թե ինչ հարցի էին պատասխանում, որովհետեւ պատասխանը որեւիցե կերպ չէր առնչվում հարցին: 19-ը մասնակի էր առնչվում, եւ միայն 7-ը այդ բոլոր պատասխաններից լիարժեք պատասխանել են մեր տված հարցադրումներին»:

Նա հավելեց, որ կոնկրետ պատասխաններ չեն տրվել հիմնականում «շատ զգայուն, քաղաքական» հարցերին:

«3 երկրներն էլ վավերացրել են մարդու իրավունքների վերաբերյալ ամենակարեւոր միջազգային փաստաթղթերը, որոնք պարունակում են տեղեկատվության ազատության հիմնարար իրավունքների վերաբերյալ համապատասխան դրույթներ», - ասվում է ձեռնարկում: Այսինքն` դե յուրե Հարավային Կովկասի երկրները պատրաստ են պաշտպանել եւ երաշխավորել տեղեկատվության ազատության իրավունքը:

Ադրբեջանում հարցումներին արձագանքել են 10 տոկոսով քիչ, քան Հայաստանում: Վրաստանում առավել անբարեխիղճ են գտնվել Վրաստանի վարչապետի աշխատակազմը, Վերահսկիչ պալատը, Մշակույթի, Կրթության եւ Պաշտպանության նախարարությունները, որոնք չեն պատասխանել նամակներին:

Ադրբեջանում նույնպես հարցումներին չեն պատասխանել նախարարությունները, Բաքվի քաղաքապետարանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Այդուամենայնիվ, տարածաշրջանում առաջատարներ չկան, ամենավատ ու լավ ցուցանիշներն էլ միանշանակ պատկեր չեն ապահովում: Հաշվի է առնվում նաեւ երկրի օրենսդրական համապատասխանությունը:

«Քանի որ այս պատասխանները ներկայացուցչական չէ, եկեք չհամամատենք, բայց զուտ օրենսդրության առումով Վրաստանը կարծես թերանում է», - ասաց Այվազյանը:

Հայաստանի ու Ադրբեջանի օրենքներով թույլատրվում է տեղեկատվության ձեռքբերման հարցումը ներկայացնել թե’ բանավոր, թե’ գրավոր ձեւով: Մինչդեռ Վրաստանում տեղեկատվության մատչելիությամբ շահագրգիռ անձինք պետք է պարտադիր գրավոր հարցում ներկայացնեն: Այս դրույթը, ձեռնարկի հեղինակների կարծիքով, որոշ չափով սահմանափակում է տեղեկատվության ազատությունը:

Հայաստանում հարցումներին չեն պատասխանել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, Պաշտպանության նախարարությունը, Գնումների աջակցման կենտրոնն ու «Հայկական էլեկտրացանցեր»-ը: Իսկ Էկոնոմիկայի նախարարությունը, ԱԻՆ-ը, ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչությունը եւ Արդարադատության նախարարությունը տրամադրել են ընդհանուր բնույթի պատասխաններ:

Ինչ վերաբերում է ընտրությունների շրջանում կատարած հարցումներին, ապա ԹԻ-ի հայաստանյան կառույցի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի, ընտրական հարցերին վերաբերող դիմումներին ավելի մեծ ուշադրություն է դարձվել:

«Իրենց (ԿԸՀ-ի) սայթում շատ արագ դա դրվում էր: Որքան գիտեմ, բավականին արագ արձագանքվում էր նաեւ այդ դիմումներին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:

Ադրբեջանցիներն ու վրացիներն ավելի պասսիվն են տեղեկատվության մատչելիության իրենց իրավունքը գործադրելիս: Հայերը շատ ավելի մեծ ակտիվություն են ցուցաբերել տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքը գործադրելու ցանկություն հայտնելիս:

Ամենամեծ հետաքրքրությունը հայ հարցվողները ցուցաբերել են «որքան գումար է կառավարությունը ծախսել Զինված ուժերի, պաշտպանության եւ կրթության վրա» հարցի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG