Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախկին նախագահը պարտավորվել է հեռանալ քաղաքական ասպարեզից։

Անցած շաբաթ օրը հայրենիք է վերադարձել Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը, ով վերջին 20 տարիներին բնակվում էր Ռուսաստանում։

Նրա վերադարձը հնարավոր դարձավ միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանն ընդունեց հատուկ օրենք` «Նախկին նախագահի կարգավիճակի մասին», որը երկրի նախկին ղեկավարներին անձեռնմխելիություն է շնորհում։

1990 թվականի սկզբին Բաքվում հայերի զանգվածային ջարդերից հետո խորհրդային բանակը ներխուժել էր Ադրբեջանի մայրաքաղաք, տեղի էին ունեցել բախումներ, հարյուրավոր մարդիկ սպանվել էին։

Հետագայում Ադրբեջանի իշխանությունները Մութալիբովի նկատմամբ քրեական գործ էին հարուցել հունվարյան իրադարձությունների կապակցությամբ` դրան հավելելով նաեւ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձը։

Մութալիբովը 1991 թվականին էր ընտրվել Ադրբեջանի առաջին նախագահ։ Մեկ տարի անց` Խոջալուի իրադարձություններից հետո, Ադրբեջանի Ժողճակատը գահընկեց արեց Մութալիբովին։

Որոշ ժամանակ անց նա փորձեց նախագահի պաշտոնում վերադառնալ Բաքու, սակայն ծրագիրը ձախողվեց, եւ Մութալիբովը ռուսական ռազմական օդանավով փախուստի դիմեց։

Երկու տասնամյակ ապրելով Մոսկվայում` նա ժամանակ առ ժամանակ հանդես է եկել քաղաքական հայտարարություններով, դարձել է Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ։

Հեյդար, ապա Իլհամ Ալիեւի վարչակարգը միշտ ասել է, որ եթե Մութալիբովը մուտք գործի Ադրբեջան` անմիջապես կձերբակալվի։ Նրա քաղաքական վերադարձի հեռանկարն անհանգստացրում էր իշխանություններին։

Բայց ի վերջո Մութալիբովին «կոտրել են». անցյալ տարի Բաքվում մահացավ նրա որդին։ Իլհամ Ալիեւը Մութալիբովին «վեհանձնաբար» թույլատրել էր ժամանել Բաքու` թաղմանը մասնակցելու համար։

Բաքվում Այազ Մութալիբովը ոչ միայն որդուն էր հողին հանձնել, այլեւ այցելել էր Հեյդար Ալիեւի շիրիմին եւ այնտեղ իր ելույթում գովեստի խոսքեր ասել Ադրբեջանի պետականության ամրապնդման գործում հայր Ալիեւի պատմական առաքելության մասին։

Այս տարվա հունիսին 74-ամյա Այազ Մութալիբովը հայտարարել է, որ ազատում է Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահի պաշտոնը եւ առհավետ հեռանում է քաղաքական ասպարեզից։

Սոցիալ-դեմոկրատների երկրորդ համանախագահ Արազ Ալիզադեն ասել է, որ Մութալիբովը պաշտոնական նամակով դիմել է կուսակցությանը եւ տեղեկացրել քաղաքականությունից հեռանալու որոշման մասին։ Այդ դիմումը կքննարկվի կուսակցության 12-րդ համագումարում։

«Ես պարզապես վերադառնալու եմ հայրենիք, դա անիմաստ է քաղաքականացնել», - Բաքու մեկնելուց առաջ Մոսկվայում ասել է Այազ Մութալիբովը։

Անցած շաբաթ օրը ժամանելով Բաքու` հոգնած եւ ծերացած վետերանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր նպաստել են իր վերադարձին եւ անվտանգության ծառայողների խմբի ուղեկցությամբ մեկնել է մայրաքաղաքի արվարձաններից մեկում գտնվող իր տունը։

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Ֆարիդ Արիֆօղլուի փոխանցմամբ, Բաքվի իշխանությունները պարտավորվել են Մութալիբովին եւ նրա կնոջը տրամադրել դիվանագիտական անձնագրեր, ավտոմեքենա, երեք թիկնապահ եւ պետական ապահովություն։

Մութալիբովը կստանա թոշակ` գործող նախագահի աշխատավարձի 50 տոկոսի չափով, նաեւ որոշակի գումար` ներկայացուցչական ծախսերի համար։

Նրա մահվան դեպքում թոշակը կտրամադրվի կնոջը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG