Մատչելիության հղումներ

Ստեղծվելու է ԱՊՀ իշխող կուսակցությունների «քաղաքական ակումբ»


ՀՀԿ-ի փոխնախագահ, Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ-ի փոխնախագահ, Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Արմեն Աշոտյանի փոխանցմամբ, ԱՊՀ անդամ պետությունների իշխող կուսակցությունները առաջիկայում մտադիր են ստեղծել միջկուսակցական համագործակցության նոր ձեւաչափ, որը կնպաստի այդ կուսակցությունների միջեւ «ինստիտուցիոնալ խորը կապերի» ձեւավորմանը:

Աշոտյանի խոսքով, այդ նոր ձեւաչափի ստեղծման գաղափարը առաջարկվել ու քննարկվել է վերջերս Կազանում տեղի ունեցած միջազգային կլոր սեղանի ժամանակ, որը նվիրված է եղել Եվրասիական միության հեռանկարին:

«Մենք շուտով կունենանք զարգացումներ, եւ Երեւանում, ըստ ամենայնի, աշնանը Հայաստանի հանրապետական կուսակցության եւ «Միացյալ Ռուսաստան» կուսակցության կողմից համատեղ կկազմակերպվեն քաղաքական քննարկումներ ԱՊՀ տարածքում միջկուսակցական համագործակցության նոր ձեւաչափեր ստեղծելու եւ զարգացնելու համար: Խոսքը հիմնականում Ուկրաինայի եւ Ղազախստանի իշխող կուսակցությունների ներգրավման մասին է: Կարծում եմ, որ կհրավիրվեն նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչներ», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր ասաց Աշոտյանը` հավելելով. - «Գաղափարը եփվում է դեռ: Մենք «Եդինայա Ռոսիա» կուսակցության արտաքին կապերի համար պատասխանատուների հետ այս նախագիծը իրականացնելու ենք, ու միասին ենք այս գործը առաջ տանելու` ԱՊՀ տարածքում համապատասխան քաղաքական ակումբ, միջկուսակցական ակումբ ձեւավորելու համար»:

Եվրասիական միության ստեղծման մասին խոսակցությունների սկիզբը դրեց Ռուսաստանի նախագահի աթոռը արդեն երրորդ անգամ զբաղեցնող Վլադիմիր Պուտինը, ով մինչեւ իր վերընտրվելը` անցած տարի հոկտեմբերին, մոսկովյան «Իզվեստիա» պարբերականում հանդես եկավ ընդարձակ հրապարակմամբ: Իր հոդվածում Պուտինը տեղեկացնում էր, թե մտադիր է Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի միջեւ գործող Մաքսային միության եւ Միացյալ տնտեսական տարածքի հիման վրա ստեղծել Եվրասիական միություն եւ այն դարձնել «ժամանակակից աշխարհի բեւեռներից մեկը»:

Արեւմուտքում չուշացան գնահատականները, թե` Կրեմլում փորձում են «վերստեղծել Խորհրդային Միությունը»:

Հարցին, թե արդյոք նոր ձեւաչափը ճանապարհ է հարթելու Եվրասիական միության խորհրդարանի ստեղծման համար, Աշոտյանը պատասխանեց. - «Եվրասիական խորհրդարանի ստեղծման գաղափարը, որքան ես տեղյակ եմ, ռուսական քաղաքական էլիտայում ինտենսիվորեն քննարկվում է, բայց դա կուսակցական ձեւաչափի հետ կապ չունի: Կուսակցական շփման հնարավոր ալիքը, կամ օղակը, կամ նոր ձեւաչափը կարող է նպաստել առհասարակ կապերի ամրապնդմանը թե' գործադիր, թե' օրենսդիր ձեւաչափով»:

Մոտ երկու ամիս առաջ մոսկովյան մեկ այլ հեղինակավոր պարբերականում` «Վեդոմոստի»-ում, ուշագրավ հրապարակմամբ էր հանդես եկել Հայաստանի վարչապետ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը: Նա, մասնավորապես, գրել էր, թե «Հայաստանը նայում է Եվրոպային»` մանրամասնելով, թե ինչով է հատկապես գայթակղիչ եվրաինտեգրումը Հայաստանի համար եւ ինչ դժվարություններ ու խնդիրներ կան ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն խնդիրների հետ կապված։

Հարցին, թե այնուամենյանիվ Հանրապետական կուսակցությունում որ ուղղությունն է առաջնային դիտվում` համագործակցությունը Եվրամիությա՞ն, թե՞ Եվրասիական միության հետ, Արմեն Աշոտյանը արձագանքեց. - «Այդ ձեւաչափով հարցադրումը ինձ համար ընդունելի չէ: Ես կարծում եմ, որ բոլոր հայաստանյան քաղաքական ուժերը իրենց արտաքին քաղաքական գերակայությունների մեջ պետք է առաջնորդվեն միմիայն Հայաստանին նպաստ բերելու հարցով: Սա է գերակայությունը եւ սա է մեր հիմնական նպատակը: Մենք կաշխատենք ու աշխատում ենք բոլոր այն քաղաքական, աշխարհքաղաքական ուժերի, կենտրոնների հետ, որոնք կարող են Հայաստանի առջեւ ծառացած խնդիրներին լուծում տալ»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG