Մատչելիության հղումներ

Առաջիկայում կթանկանան նոտարական ծառայությունները


Հայաստանում առաջիկայում կթանկանան նոտարական ծառայությունները:

«Ժողովրդական խոսք կա, ասում են` նոտարի թուղթը պետք է պատ ծակի», - ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը`«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատասխանելով սպասվող թանկացման պատճառներին վերաբերող հարցին։

Անցյալ շաբաթ Հայաստանի կառավարությունը հաստատեց նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգից բխող միջոցառումների ցանկը։ Այս միջոցառումների արդյունքում, մասնավորապես, կներդրվի մեկ պատուհանի սկզբունքը, նոտարի համար կսահմանվեն վարվելաձեւի, էթիկայի կանոններ, բոլոր ռեգիստրները էլեկտրոնային կառավարման միջոցով կմիացվեն նոտարին:

Թովմասյանն ասում է` եթե մարդ գնացել է նոտարի մոտ եւ գործարք է կնքել, այնուհետեւ պետք է հանգիստ լինի` անկախ նրանից գործարքը ճիշտ է ձեւակերպված, թե` սխալ, քանի որ եթե ինչ-որ բան այնպես չընթանա, նոտարը պետք է փոխհատուցի:

«Եթե առք ու վաճառքի պայմանագիր է արժի, ասենք, 20 հազար դրամ, իսկ առք ու վաճառքի առարկան այս դեպքում 10 միլիոն դոլար արժողությամբ շենք է, ի՞նչ եք կարծում, եթե այդ նոտարը խելագար չի, այդ 20 հազար դրամի հիման վրա այդ ռիսկին կգնա՞: Չի գնա, իհարկե», - ասում է նախարարը:

Թովմասյանն ասում է, որ մարդիկ գնում են նոտարի մոտ, որպեսզի հետո չգնան դատարաններ, ու դրա համար նոտարին պետք է նորմալ վճարել:

«Երբ ես ասում եմ` նոտարը պետք է հարուստ լինի` այո, որովհետեւ իր սեփական միջոցներով իր ռիսկն է կրում», - ասում է նա:

Երեւանի նոտարական գրասենյակներից մեկում հավաքված մարդկանց, սակայն, թանկացումների վերաբերյալ նախարարի բերած փաստարկները այնքան էլ համոզիչ չթվացին:

«Պետք է մարդկանց ապահովեն, հետո նոր թանկացնեն, մարդիկ աշխատանք չունեն, չեն իմանում ինչ անեն, իրենք իրենց ծառայություններն են թանկացնում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դժգոհեց մի կին:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, սակայն, խոստանում է. - «Կնայենք, թե լատինական նոտարիատում ինչ սակագներ են, ես խոստանում եմ, որ մեզ մոտ կլինի այդ սակագների ամենանվազագույնը»:

Ի դեպ, մինչ կիրականացվեն վերը նշված բարեփոխումները, նոտարական գրասենյակներում սպասող մարդիկ բողոքում են անկանոն եւ երկարատեւ հերթերից:

please wait

No media source currently available

0:00 0:04:09 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG