Մատչելիության հղումներ

Ռուսաստանի հարավում` Կրասնոդարի երկրամասում շաբաթավերջին տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի հետեւանքով տուժել են նաեւ հայեր:

«Մեր տվյալները հիմնված են Ռուսաստանի իշխանությունների տրամադրած պաշտոնական տեղեկությունների վրա», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: - «Ըստ այդ տվյալների, այս պահի դրությամբ զոհվածների թվում կան երկու հայազգի Ռուսաստանի քաղաքացիներ` ամուսիններ Շահբազյան Լիդիան եւ Շահբազյան Հովհաննեսը: Կան տեղեկություններ, որ անհետ կորածների թվում էլ կան հայազգի քաղաքացիներ, բայց դրանք դեռեւս հաստատված տեղեկություններ չեն»:

Հարցին` տեղի հայաստանյան հյուպատոսություններ օգնության խնդրանքով հայազգի դիմողներ եղե՞լ են, Բալայանը արձագանքեց. - «Հյուպատոսարանի գործառույթների խնդիր կա այստեղ: Հյուպատոսարանը ինքը չի փնտրում հային: Մեր Դոնի Ռոստովում Գլխավոր հյուպատոսությունը եւ Սոչիում մեր հյուպատոսական գրասենյակը մշտական կապի մեջ են թե' տեղի իշխանությունների եւ թե' տեղի հայկական կառույցների հետ, որոնցից եւ մենք ստանում են տեղեկություններ եւ դա տրամադրում ենք մեր հանրությանը»:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց. - «Քիչ առաջ կապ հաստատեցինք Կրանոդարի Ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ: Վերջնական տվյալները այս պահի դրությամբ. զոհվածների թիվը կազմում է 171, տուժածների թիվը հասնում է 616-ի, որոնցից 58-ը երեխաներ են: Իսկ ընդհանուր տուժածների թիվը մոտ 33 հազար»:

Գրիգորյանը ասաց, որ իրենց տեղեկություններով եւս զոհվածների թվում հայկական ազգանունով 2 անձ կա, եւ հավելեց. - «Սակայն դեռ չեն կարողանում ճշտել ոչ նրանց ծննդյան թիվը, եւ բնակավայրի խնդիրն էլ` ասում են Նովոռոսիյսկ քաղաքի բնակիչներ են, բայց Նովոռոսիյսկից չեն հաստատում այդ զոհերի մասին տեղեկատվությունը»:

«Քիչ առաջ մենք կապվեցինք Սոչիում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արթուր Մադոյանի հետ, որը հանդիպել էր հայկական բոլոր համայնքների ղեկավարների հետ, եւ բացի այդ երկու զոհից, որեւէ անհետ կորածի կամ որեւէ այլ զոհի մասին ճշտված տեղեկատվություն չկա», - փոխանցեց Նիկոլայ Գրիգորյանը:

Նա նաեւ ասաց, որ երեկ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուչկովի հետ եւ փրկարարներ ուղարկելու եւ տուժածներին օգնություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնել. - «Ռուսական կողմը, շնորհակալություն հայտնելով, առայժ նշեց, որ որեւէ օգնության կարիք չունեն»:

Կրասնոդարի երկրամասում ավելի քան 170 մարդ է զոհվել հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղների պատճառով:

Ի հիշատակ ջրհեղեղների զոհերի, ինչպես նաեւ Ուկրաինայում ավտովթարի հետեւանքով զոհված 14 ռուս ուխտագնացների` Ռուսաստանում այսօր համազգային սուգ է հայտարարված:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

XS
SM
MD
LG