Մատչելիության հղումներ

Շարմազանովը հակադարձում է Մամեդյարովին


Ղարաբաղյան գործընթացում լուրջ առաջընթացի բացակայության ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը։ Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` արձագանքելով Բաքվում ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի արած հայտարարությանը։

Ադրբեջանական լրատվական գործակալությունների վկայությամբ` երկուշաբթի օրը կայացած ասուլիսի ժամանակ Մամեդյարովը, մասնավորապես, ասել է. - «Եթե հայկական զինված ուժերը դուրս բերվեն օկուպացված տարածքներից, ապա չի լինի ո՛չ դիպուկահարների, ո՛չ զինված միջադեպերի խնդիր»:

Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հակադարձելով Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին` Շարմազանովը հայտարարել է. - «Պարոն Մամեդյարովն Ադբեջանի ղեկավարությանը բնորոշ կերպով շարունակաբար խեղաթյուրում է իրականությունը: Իսկ իրականությունը հետեւյալն է` քանի դեռ Ադրբեջանը շարունակում է օկուպացրած պահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որոշ տարածքներ (Գետաշեն, Մարտունաշեն Շահումյան), եւ պարբերաբար դիպուկահարների միջոցով կրակ բացում խաղաղ բնակիչների, այդ թվում` մանկապարտեզի ուղղությամբ, ԼՂ բանակցությունների խաղաղ կարգավորման գործընթացում լուրջ առաջընթացի բացակայության ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը։ Ուստի, կարիք չկա մութ սենյակում կատու փնտրել, երբ այդ կատուն քո ուսերին է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG