Մատչելիության հղումներ

Ոստիկանները ուժ կիրառեցին «Հարսնաքար» եկած ցուցարարների դեմ


«Հարսնաքար» ռեստորանը
«Հարսնաքար» ռեստորանը
Ոստիկաններն կիրակի երեկոյան թույլ չտվեցին զինվորական բժիշկ Վահե Ավետյանի սպանության կապակցությամբ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի առջեւ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցներին մոտենալ եւ մոմավառություն կատարել։

Հիշեցնենք, ցուցարարներն այսպիսով իրենց բողոքն են արտահայտում հայտնի գործարար Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծի կապակցությամբ, որի հետեւանքով երեք բժիշկներ հայտնվել էին հիվանդանոցում։ Նրանցից հատկապես ծանր վնասվածքներ էր ստացել Վահե Ավետյանը, որը միջադեպից 12 օր հետո մահացավ։

Ոստիկանները շրջապատել էին ռեստորանը եւ ակցիայի մասնակիցներին արգելում էին մոտենալ, թեեւ ցուցարարները պնդում էին, որ ընդամենը ուզում են վառված մոմերը շարել շենքի պատերի տակ՝ ինչպես նախորդ անգամ։

Տեսնելով, որ ոստիկանները որեւէ կերպ թույլ չեն տալիս մուտք գործել «Հարսնաքարի» տարածք, ակցիայի մասնակիցները դուրս եկան փողոց՝ բողոքի կոչեր հնչեցնելով։

Ոստիկանության գործողությունները ղեկավարող Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ցուցարարներին նախազգուշացրեց, որ նրանց գործողությունները անօրինական են եւ պահանջեց դուրս գալ փողոցի երթեւեկելի մասից։ Վերջիններս, սակայն, չհնազանդվեցին։ Երբ «Հարսնաքարի» դիմացի Աճառյան փողոցում երթեւեկությունը կանգնեց, հանկարծակի հայտնվեցին ոստիկանության մոտ երկու տասնյակ հատուկ ջոկատայիններ եւ ուժ կիրառելով՝ հրելով, քարշ տալով, ակցիայի մասնակիցներին մի քանի րոպեում հեռացրեցին փողոցից։

Ի դեպ, ոստիկանության գործողություններից հետո «Հարսնաքարին» հարող փողոցում մնաց մեկ զույգ կոշիկ, մեկ գլխարկ եւ կոտրված մոմակալների փշուրներ։


«Սա մոմավառությո՞ւն էր, հա՞»


Ոստիկանության գործողությունները համակարգող Ռոբերտ Մելքոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ ուժ կիրառեցին եւ թույլ չտվեցին ակցիայի մասնակիցներին հանգիստ իրականացնել իրենց ակցիան, վառել մոմերը եւ հեռանալ, արձագանքեց. - «Սա մոմավառություն ա՞, թե՞ հանցագործություն ա։ Ինչի՞ պիտի թույլ տանք։ Տուժում ա ամբողջ հայ հասարակությունը, որ սենց մարդիկ են եկել ստեղ»։

Իսկ հարցին, թե ինչո՞ւ նման ուժ կիրառվեց, Երեւանի փոխոստիկանապետը պատասխանեց. - «Որովհետեւ խախտում արվեց, հարգելիս։ Դուք նորմալ եք համարո՞ւմ իրանց պահելաձեւը։ Սա մոմավառությո՞ւն էր, հա՞, սա սգո արարողությո՞ւն ա»։

Ակցիայի մասնակիցներին «Հարսնաքարին» մոտենալ չթույլատրելը Մելքոնյանը այսպես բացատրեց. - «Իսկ ինչի՞ պետք է թույլ տալ, սեփական օբյեկտ ա։ [Նախորդ անգամ] մի քիչ լոյալ գտնվեցինք, շահարկվեց, հիմա թույլ չենք տալիս»։

«Իսկ էդ ուժը նորմալ է՞ր, որ կիրառվեց», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին էլ Երեւանի փոխոստիկանապետը պատասխանեց. - «Միանշանակ։ Ուժ չի կիրառվել` ընդամենը հրելով հանել ենք դուրս։ Իրանք են պառկել [գետնին]։ Ոչ մի ուժ չի կիրառվել։ Եթե պետք լինի, կկիրառվի` օրենքին համապատասխան»։

Մելքոնյանը պնդեց, որ իրենց գործողությունները «լիարժեք համաչափ, օրենքին համապատասխան» են։ «Իսկ իրանց կողմից քաղաքական շահարկում էր էս ամեն ինչը։ Խեղճ Վահեի հոգին երդեն չգիտի երեւի` ինչ անի», - հավելեց նա։

Ակցիայի մի շարք մասնակիցներ, այդուհանդերձ, պնդում էին, որ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել։


Ցույցը ավարտվեց Հայրապետյանի առանձնատան մոտ


Հայաստան -- Ցուցարարները հավաքվում են Ռուբեն Հայրապետյանի տան մոտ, Երեւան, 8-ը հուլիսի, 2012թ․
Հայաստան -- Ցուցարարները հավաքվում են Ռուբեն Հայրապետյանի տան մոտ, Երեւան, 8-ը հուլիսի, 2012թ․
Չկարողանալով իրականացնել մոմավառության ակցիան, ցուցարարները երթով, ոստիկանների ուղեկցությամբ, շարժվեցին դեպի Ռուբեն Հայրապետյանի տուն։ Այստեղ նրանց նույնպես դիմավորեցին ավելի քան հարյուր ոստիկաններ, ովքեր երկու շարքով պատ էին կազմել Ռուբեն Հայրապետյանի տան շուրջը։

Այստեղ արդեն ակտիվիստները ի նշան բողոքի մեջքով շրջվեցին դեպի Հայրապետյանի առանձնատունը եւ հինգ րոպե լռությամբ հարգեցին Վահե Ավետյանի հիշատակը, ապա հեռացան` խոստանալով շարունակական ակցիաներով կրկին վերադառնալ «Հարսնաքար»։


Իրավապաշտպանը պնդում է, որ Հայրապետյանը անձամբ է հարվածել իրեն


Կիրակի օրը մինչեւ մոմավառության մեկնարկը Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան եւ դիտորդ Արման Վեզիրյանը «Ազատություն» ռադիոկայանին պատմեց մեկ այլ միջադեպի մասին, այս անգամ` անձամբ Ռուբեն Հայրապետյանի մասնակցությամբ։

Ըստ իրավապաշտպանի, երբ ինքը մոտեցել է «Հարսնաքար» ռեստորանի մուտքին` լուսանկարելու համար, Հայրապետյանը պահանջել է հեռանալ, ապա մոտեցել է, հայհոյել եւ ապտակելով գետնին տապալել իրեն։

«Նկարում էի, ասեց` «սեփական տարածք ա, դուրս արի ստեղից»` հայհոյանքներով, Ռուբենը Հայրապետյան, ու մոտեցավ, միանգամից ասի` «սեփական տարածք ա, դուրս եմ գալիս», մոտեցավ ու միանգամից հարվածեց։ Էնտեղ ներկա էին էս ոստիկանները` էս ամբողջ, Մելքոնյան Ռոբերտը... Անձամբ Հայրապետյանը խփեց, հենց այստեղ էր, խփեց, ընկա գետնին», - պատմեց Վեզիրյանը` ընդգծելով, որ ոստիկանները չեն միջամտել տեղի ունեցածին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG