Մատչելիության հղումներ

Օլանդը զանգահարել է հայ համայնքի ներկայացուցչին


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այսօր առավոտյան զանգահարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրանկ Փափազյանին՝ վերահաստատելու, որ չի փոխել իր կարծիքը Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող նոր օրինագծի հարցում։

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հաղորդագրության համաձայն, որը հրապարակված է Les Nouvelles d'Armenie պարբերականի կայքէջում, Օլանդը հայ համայնքի ներկայացուցչի հետ կրկին խոսել է համապատասխան օրինագիծ առաջարկելու իր ցանկության մասին, որը արտահայտել էր նաեւ նախագահական ընտրարշավի ընթացքում։

Ֆրանսիայի նախագահը մինչեւ այս ամսվա վերջ հանդիպում է ունենալու հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հետ՝ քննարկելու համար նախագծի տեքստի հետ կապված մանրամասները։

Երկրի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը օրերս թուրք պաշտոնակից Ահմեթ Դավութօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարությամբ էր հանդես եկել, որով, ըստ էության, կասկածի տակ էր դրել Ֆրանսուա Օլանդի հանձնառությունը հայկական օրինագծի հարցում։ Ֆրանսիայի նախագահի այսօրվա հեռախոսազանգը, ըստ հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի, նպատակ ուներ վերջ տալ Ֆաբիուսի հայտարարությանը հաջորդած խոսակցություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG