Մատչելիության հղումներ

Գյումրեցի վետերանի մահը հարուցել է նրա մարտական ընկերների զայրույթը


Կենտրոնում՝ Ժորա Աթոյանը դատական նիստի ժամանակ, արխիվ
Կենտրոնում՝ Ժորա Աթոյանը դատական նիստի ժամանակ, արխիվ
Ղարաբաղյան պատերազմի գյումրեցի վետերան, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Ժորա Աթոյանի մահը նրա մարտական ընկերների վրդովմունքն է հարուցել։

Ժորա Աթոյանը մահացել է երեկ՝ երկարատեւ հիվանդությունից հետո: Մեկ տարուց ավելի է՝ ղարաբաղյան պատերազմի վետերանը դատական քաշքշուկների մեջ էր: Ընդամենը մեկ ամիս առաջ Ժոռա Աթոյանը դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման՝ խարդախության եւ փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով:

«Ժորա Աթոյանը իր վիրավորվածությունից հետո, երրորդ կարգի հաշմանդամ լինելով հանդերձ, դեղերով էր իր կյանքը ապահովում, իսկ այդ դեղերը, քանի որ ինքը ֆինանսական ոչ մի հնարավորություն չուներ, պետությունն էր տալիս։ Նախաքննական շրջանում, երբ քննիչը կալանք դրեց նրա թոշակի եւ արտոնությունների վրա, Ժորան զրկվեց նաեւ անվճար բուժման իրավունքից։ Դրա փաստացի հետեւանքը եղավ Աթոյանի մահը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց նրա մարտական ընկերներից մեկը։

Մարտական ընկերները, որ հետեւել են դատական ողջ գործընթացին, զարմանում են, թե ինչու կեղծ փաստաթուղթ տվողը չի կանգնել դատարանի առաջ այլ Ժորա Աթոյանը։

«Դա շինծու դատավարություն էր», - հայտարարում են նրանք՝ կարծիք հայտնելով, որ Աթոյանին պատժել են իր հայացքների համար։

Հայ ազգային կոնգրեսի Գյումրիի համակարգող Մուրադ Գրիգորյանն էլ նշեց, որ թեեւ Աթոյանը մեղադրվում էր կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու եւ օգտագործելու մեջ, իրականում՝ «իշխանությունը փորձում է ընդդիմախոս ազատամարտիկներին վախեցնել եւ լռեցնել»։

please wait

No media source currently available

0:00 0:05:00 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG