Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը արդարացնում է իր չեզոքությունը «Հարսնաքարի» հարցում


Կարեն Անդրեասյան
Կարեն Անդրեասյան
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է լռում «Հարսնաքար»-ի դեպքերի մասին, ասաց, որ դատապարտում է, տեղի ունեցածը գնահատում որպես բացարձակ այլանդակություն, սակայն իրավասու չէ միջամտել քննության ընթացքին:

«Դա ապօրինի է, եւ ես խորհուրդ եմ տալիս բոլոր այն պոպուլիստներին, քաղաքական գործիչներին, պետական պաշտոնյաներին, որոնք փորձում են դիվիդենտներ քաղել գործի քննության ընթացքում, ապօրինությամբ չեն կարող օրինականություն հաստատել: Քննությանը ոչ մեկ իրավունք չունի ուղղորդել, այդ թվում` Մարդու իրավունքների պաշտպանը: Մենք բոլորս պետք է ուշադիր սպասենք եւ [հետեւենք], որպեսզի ոստիկանությունը հանկարծ տարածում գտած իր մեթոդներից չօգտվի, հանկարծ սխալ չտանի քննությունը», - ասաց օմբուդսմենը:

Կարեն Անդրեասյանը շեշտում էր, որ պարտավոր է չեզոքություն դրսեւորել, որպեսզի իրեն կարողանան դիմել ինչպես Ռուբեն Հայրապետյանը, գործով կալանավորվածները, այնպես էլ տուժող կողմը: Եվ դա է պատճառը, որ օմբուդսմենը չի մասնակցել ակցիաներին, մասնավորապես «Հարսանքար» ռեստորանի մոտ կազմակերպված մոմավառությանը: Ֆեյսբուքի օգտատերից մեկն էլ խնդրել էր մեկնաբանել այն տեսանյութը, որում Հայրապետյանը ասուլիսներից մեկում ասում է, որ Ավանում թմրանյութեր օգտագործողներին ինքը ծեծելով պատժում է:

«Սա այնպիսի հայտարարություն չէ, որը կոնկրետ բռնության ինֆորմացիա է պարունակում, որ ես ոստիկանություն դիմեի, որպեսզի կանխեի, այստեղ աշխարհայացքներ են, որոնք ինձ համար էականորեն անընդունելի են, ծայրահեղ անհասկանալի են, բայց դա իր աշխարհայացնքներ են, եւ խոսքի ազատությունը հարգելով` երեւի ինքն էլ իրավունք ունի այսպիսի տեսակետներ, կարծիքներ ունենալ եւ արտահայտել: Դրանք կիրառելու դեպքում, ես կարծում եմ, դրանով ոչ թե պետք է Մարդու իրավունքների պաշտպանը զբաղվի, այլ ոստիկանությունը», - ասաց Անդրեասյանը:

Անդրեասյանի համոզմամբ` Վահե Ավետյանի սպանության մեջ մեղավոր ճանաչված անձինքն նաեւ պետք է դրամական փուխհատուցում տրամադրեն Ավետյանների ընտանիքին: Պատասխանելով իր անկախությանը վերաբերող հարցերին` օմբուդսմենն վստահեցրեց, որ օրինակ, իր խոսքի ազատության մասով սահմանափակումներ չի զգում, ասում է այն, ինչ մտածում է: Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ թեեւ նախկին կոալիցիոն ուժերը ժամանակին կողմ են քվեարկել իր թեկնածությանը, սակայն չի զգում այդ ուժերի աջակցությունը:

«Ինձ նշանակել է Հանրապետական կուսակցությունը այդ իմաստով, որ առաջարկել են 25 պատգամավորներ, քվեարկել է կոալիցիան: Այսօր կարող եմ ձեզ հիասթափեցնել կամ ուրախացնել. այդ ուժերը, որոնք իմ օգտին քվեարկել են, իմ հետ գրեթե առնչություն չունեն, եւ դա այն իմաստով է վատ, որ մեր առաջարկությունները, մեր բարձրաձայնած խնդիրները մնում են չլուծված, որովհետեւ մենք կապված չենք այդ ուժերի հետ: Սա դրական է մեր անկախության իմաստով, բայց բացասական է ազդեցության եւ խնդիրներ լուծելու իմաստով», - ասաց օմբուդսմենը:

Պաշտոնավարման գլխավոր ձեռքբերումը Անդրեասյանը համարում է իր դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը, որից հետո շեշտակի նվազեցին զրպարտության եւ վիրավորանքի համար թերթերի դեմ հարուցվող դատական հայցերը: Պատասխանելով մարտի 1-ի գործի բացահայտմանը վերաբերող հարցին` Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարեց, որ այստեղ այլեւս չի տեսնում օմբուդսմենի անելիքը, միայն բարձրաձայնում է զոհերի հարազատներին դրամական փոխհատուցման հարցը` անկախ նրանից, թե քննությունը ում մեղավոր կճանաչի:

Ընտրությունների թիվ մեկ խնդիրը ընտրակաշառքն է եղել, կարծիք հայտնեց Կարեն Անդրեասյանը` մատնացույց անելով նաեւ պատասխանատուներին:

«Մեզ համար մեղավոր են ոստիկանությունը եւ դատախազությունը, որոնք լավ չեն քննել եղած պրոբլեմները, ընտրակաշառքը` այդ թվում, եւ մեղավոր են այն պատճառով, որ իրենց վատ քննությամբ սառեցնում են ժողովրդին, որպեսզի նրանք խնդիրները բարձրաձայնեն», - ասաց նա` հավելելով, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ ձեւականորեն հետ է ուղարկել բոլոր դիմումները` նշելով, որ խնդիր չի տեսնում:

Սոցիալական ցանցի օգտատերի հարցերի շրջանում շատ էին օմբուդսմենի ինստիտուտի անգործությանը, անարդյունավետությանը վերաբերող գնահատողական հարցերը: Պատասխանելով այդ հարցերից մեկին` Անդրեասյանը ասաց` մի օր երբ դուք կունենաք պաշտպանի կարիքը, կօրհնեք այդ կառույցը:

«Օրենքը ինձ շրջանակների մեջ է դրել, եւ ես եթե փորձում եմ օրենքով շարժվել, ստացվում է` լավ թունդ չեմ հայհոյում կամ մարդկանց ծայրահեղ տխուր վիճակում ես այդ ասպետը չեմ, որ ձիով գամ եւ փրկեմ բոլորին», - ամփոփեց նա:

please wait

No media source currently available

0:00 0:04:32 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG