Մատչելիության հղումներ

Հայաստանը վերսկսում է խաղաղապահ առաքելությունը Կոսովոյում


Մոտ չորս ամիս տեւած ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսեց իր մասնակցությունը Կոսովոյում իրականացվող միջազգային խաղաղապահ առաքելությանը:

Հուլիսի 6-ին «Զվարթնոց» օդանավակայանից Կոսովո մեկնեց 35 հոգուց բաղկացած հայ խաղաղապահների ստորաբաժանումը: Այն տեղաբաշխվելու է Կոսովոյի հարավում` Մակեդոնիայի սահմանին մոտ գտնվող Ուրոշեւաց քաղաքի մերձակայքում տեղակայված ամերիկյան «Բոնդսթիլ» ռազմակայանում եւ «Արեւելք» բազմազգ մարտական խմբի պատասխանատվության գոտում հիմնականում իրականացնելու է պարեկային ծառայություն ու անցակետերի անվտանգության ապահվում:

Հայաստանը 2004 թվականից է մասնակցում է Կոսովոյում ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ ընթացող միջազգային խաղաղապահ առաքելությանը եւ անցած ողջ ընթացքում Կոսովո է ուղարկել ավելի քան 600 զինվոր:

Այս տարվա փետրվարին հայկական խաղաղապահ ստորաբաժանումը ժամանակավորապես դուրս բերվեց Կոսովոյից` միջազգային առաքելությանը մասնակցող ուժերի կրճատման պատճառով: Այդ ժամանակ հայկական ստորաբաժանումը իր ծառայությունն անց էր կացնում հունական զորամիավորման կազմում:

Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրի արդյունքում հայկական խաղաղապահ ստորաբաժանումը կշարունակի իր առաքելությունը Կոսովոյում` այս անգամ ամերիկյան զորամիավորման կազմում: Նախկինի նման` վեց ամիսը մեկ հայկական ստորաբաժանման անձնակազմը ռոտացիոն հիմունքներով կփոխվի:

«Զվարթնոց» օդանավակայանում հայ խաղաղապահներին ճանապարհելու էին եկել Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան զինվորականներ, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Մեկնման հանդիսավոր արարողությունից հետո կարճ ելույթ ունեցավ Դավիթ Տոնոյանը, ով մասնավորապես նշեց, թե «կարճատեւ դադարից հետո կրկին Կոսովո վերադառնալու փաստը վկայում է այն մասին, որ Հայաստանն արդեն կայուն ներդրում ունի միջազգային անվտանգության ապահովման գործում, ինչը գնահատում են մեր գործընկերները»:

«Հայաստանի Զինված ուժերը երբեւիցե չպետք է ունենան անավարտ առաքելություններ, ինչը պահանջում է Գերագույն հրամանատարության որոշումը»,- շարունակեց Տոնոյանը:


Համագործակցությունը «միտում ունի զարգանալու»


Պատասխանելով հայ-ամերիկյան ռազմական համագործակցության մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին` Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալը Դավիթ Տոնոյանը, մասնավորապես, ասաց․ - «Կան ոլորտներ, որոնցում մենք հիմա համագործակցում ենք՝ պաշտպանական բարեփոխումների, խաղաղապահ գործողությունների մասնակցության, խաղաղապահ փորձի փոխանակման, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանության եւ այլ հարցերով։ Եվ այդ բոլորը միտում ունեն զարգանալու»։

Հայ-ամերիկյան համագործակցությանն անդրադարձավ նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ով, հայտարարեց, որ «վերջին երեք տարիներին Հայաստանի ու Միացյալ Նահանգների, ինչպես նաեւ Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջեւ անվտանգության ոլորտում համագործակցությունը վիթխարի առաջընթաց է ունեցել»:

«Գործողությունների առումով մենք ունենք լայն համագործակցություն` Աֆղանստանում, իսկ այժմ նաեւ Կոսովոյում», - հավելեց ԱՄՆ դեսպանը, - «Մեր զինված ուժերը իրականացնում են բազմաթիվ վարժանքներ, Եվրոպայում իրականացնում ենք հայկական զինված ուժերի ուսուցումը: Բացի այդ ՆԱՏՕ-ի միջոցով մենք աշխատում են Հայաստանի հետ` պաշտպանության ոլորտում բարեփոխումների իրականացման հարցերում»:

please wait

No media source currently available

0:00 0:03:46 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG