Մատչելիության հղումներ

Հայաստանը «Նոր ալիք 2012»-ում կներկայացնի Սուրեն Առուստամյանը


Հուլիսի 24-29-ին Յուրմալայում տեղի ունելիք «Նոր ալիք» երգի մրցույթի այս տարվա մասնակցի ընտրությունը բարդ է եղել: Մրցույթում Հայաստանը ներկայացնելու համար ստացվել էր 400 հայտ: Արդյունքում ժյուրին ընտրել է 4-րդ «Հայ Սուպերսթար» մրցույթի մասնակից Սուրեն Առուստամյանին:

Առուստամյանը պատմեց, որ մրցույթին մասնակցելու համար դիմել էր նաեւ նախորդ տարի, բայց հաղթել հաջողվեց միայն երկրորդ անգամից: Այս տարի էլ, ինչպես միշտ, եզրափակիչ փուլը տեղի կունենա Լատվիայի Յուրմալա քաղաքում, ուր էլ հուլիսի 14-ին կմեկնի հայկական պատվիրակությունը: Հայաստանի ներկայացուցիչը ասաց, որ դեռ նախապատրաստվում են մրցույթին: Կատարման համար ընտրվել են մի քանի երգեր, քանի որ մրցույթի պայմաններով նախապատրաստական աշխատանքների ընթացքում կազմակերպիչները կարող են նաեւ չհամաձայնել մասնակցի երգի ընտրությանը:

«Երգերը դեռ քննարկման փուլում են, հավանաբար կերգեմ Էրիկ Քլեփթոնի Change the world երգը, «Ով սիրուն, սիրուն» երգը ավելի բլյուզային մշակմամբ, եւ իմ գրած երգերից մեկը, որը կոչվում է Get it around», - ասաց Առուստամյանը:

Խոսելով մրցակիցներից` երգիչն ասաց, որ Մոսկվայում կայացած կիսաեզրափակչի ընթացքում ծանոթացել է նրանց հետ: Ըստ նրա` մրցակիցները բավականին ուժեղ են, բայց ինքը իր երգերով առանձնանալու է, քանի որ միակ երգիչն է, որ երգելու է բլյուզ ոճում:

«Նոր ալիք» մրցույթի հայաստանյան պրոդյուսեր Իրինա Վարդանյանն էլ ասաց, որ մրցույթի պայմանները նույնն են, ինչ նախորդ տարիներին: Կլինեն նաեւ հայտնի հյուրեր, որոնց թվում են Թոմ Ջոնսը եւ Նելլի Ֆուրտադոն: Նրա խոսքով` մինչ հանդիսատեսին ներկայանալը, Առուստամյանի հետ կաշխատեն տարբեր մասնագետներ, ինչն էլ անճանաչելի կդարձնի նրան բեմում:

Առուստամյանն իր հերթին ասաց, որ «Հայ սուպերսթար»-ից հետո, սա իր երկրորդ մրցույթն է եւ պատասխանատվություն է զգում, քանի որ Հայաստանը ներկայացնող մասնակիցները այս մրցույթում միշտ էլ լավ ելույթներ են ունեցել: Նա հիմա միայն մտածում է ելույթի մասին, իսկ թե որ հորիզոնականը կգրավի եւ ինչ մրցանակ կստանա, երկրորդական հարց է:

please wait

No media source currently available

0:00 0:03:46 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG