Մատչելիության հղումներ

Հայաստանում դեռ չի ձեւավորվել տեսակավորած աղբ հավաքելու կուլտուրա:

«Ողջ աշխարհը ձգտում է նվազեցնել պոլիմերների քանակը բնության մեջ: Եթե թղթե թափոնները բնությունը կարող է վերամշակել եւ օգտագործել, որովհետեւ թուղթը իրեն հարազատ նյութ է` ծառից է ստացված եւ բնական նյութ է, պոլիմերները բնության համար անսովոր երեւույթներ են», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը։

Բնապահպանը նշեց, որ շատ երկրներ վերամշակում են աղբը, իսկ մնացորդներից ստանում են գազ կամ չեզոքացնում այն: Սակայն, քանի որ բարակ պոլիէթիլենային տոպրակները վերամշակելը դժվար է, շատ երկրներում փորձում են սահմանափակել դրանց օգտագործումը։

«Հատուկ թանկացնում են պոլիէթիլենային տոպրակի գինը, որպեսզի մարդիկ խուսափեն դրանք օգտագործելուց, իսկ Հայաստանում հակառակ իրավիճակն է», - ասում է Կարինե Դանիելյանը։

Հայաստանում 2009 թվականից գործում է Ecoengineering ընկերությունը, որը տարեկան 1500-ից 2000 տոննա պլաստիկ շշեր է վերամշակում: Մայրաքաղաքում եւ մարզերում տեղադրված կանաչ արկղերում մարդիկ կուտակում են պլաստիկ շշերը, որոնք հետո վերամշակվում են գործարանում:

«Տարեկան 6000-ից 8000 տոննա պլաստիկ շիշ է սպառվում, որի 20 տոկոսը վերամշակվում է», - նշում է ընկերության տնօրեն Պետրոսյանը:


Աղբի տեսակավորմամբ եւ վերամշակմամբ զբաղվող Cleanland ընկերության հանրային կապերի տնօրեն Աստղիկ Ավետիսյանի եւ մյուս բանախոսների հիմնական մտահոգությունը ավելացող աղբավայրերն են, որտեղ թափոններից առաջանում են տարբեր տեսակի թունավոր նյութեր, որոնք էլ անձրեւաջրերի հետ տարածվում են կամ մթնոլորտ են բարձրանում ծխի տեսքով:

Բանախոսները կարեւորում են մարդկանց էկոլոգիական կրթվածությունը։

«Մտածելակերպի խնդիր է: Եվրոպական մի շարք քաղաքների փողոցներում դրված են արկղեր, որոնց վրա գրված է, թե ինչը ինչի համար է եւ ոչ մեկը չի զլանում մոտենալ եւ ճիշտ արկղի մեջ նետել աղբը», - նշում է Կարինե Դանիելյանը:

Բանախոսները մարդկանց պոլիէթիլենային տոպրակների փոխարեն առաջարկում են օգտագործել թղթե տոպրակներ: Ժամանակի ընթացքում արտասահմանում թղթե տոպրակներին զուգահեռ օգտագործում են նաեւ կտորից տոպրակներ, որոնք ավելի պրակտիկ են, ամուր եւ երկար օգտագործելի:

Հուլիսի 8-ին Հյուսիսային պողոտայում «Ես սիրում եմ կանաչ մաքուր Երեւանը» շարժման անդամները ժամը 13-ից 16-ը թղթե տոպրակներ են բաժանելու` փորձելով խրախուսել դրանց օգտագործումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG