Մատչելիության հղումներ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «սեւ ցուցակ» է հրապարակել


Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյան, արխիվային լուսանկար

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյան, արխիվային լուսանկար

Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ամփոփել է այս տարվա երկրորդ եռամսյակն ու ներկայացրել «սեւ ցուցակ», որտեղ ներառված անձինք կամ նրանց գլխավորած կազմակերպությունները խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը:

Ցուցակը գլխավորում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա ղեկավարած Հանրապետական կուսակցությունը։

Մայիսի 25-ին կենտրոնը գրավոր հարցում էր ուղարկել կուսակցությանը` մայիսի 4-ին Երեւանի Հանրապետության հրապարակում կազմակերպած միջոցառման ժամանակ տեղի ունեցած պատահարի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով:

Կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց, թե կոնկրետ ինչ հարցում է արվել. - «Թե քանի փուչիկ է գնվել, փուչիկների ձեռքբերման համար որքան գումար է ծախսվել, եւ որ կազմակերպությունն է եղել վաճառող կազմակերպությունը։ Կրկնակի հարցումը մնաց անպատասխան»։

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Կարեն Ավագյանն այս մեղադրանքները որակեց անհիմն:

«Մեր մամուլի ծառայությունը միշտ եղել է հասանելի, եթե այդքանից հետո մարդիկ փորձում են գնահատականներ տալ, կոպիտ ասած` իրենց մեղքը իրենց վիզը», - նշեց Ավագյանը։

Մայիսի 4-ին Երեւանի Հանրապետության հրապարակում Հանրապետական կուսակցության նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղի ունեցավ գազով լիցքավորված փուչիկների պայթյուն, որի հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ այրվածքներ եւ այլ վնասվածքներ ստացան։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «սեւ ցուցակում» ընդգրկված են նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայ ազգային կոնգրեսն ու Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, որոնք, ըստ Դոյդոյանի, չեն տրամադրել տեղեկատվություն նախընտրական քարոզչության վրա ծախսված գումարների վերաբերյալ:

Նշված կազմակերպություններից եւ ոչ մեկը դեռեւս չի բողոքարկել եւ պարզաբանում չի պահանջել կենտրոնից: Կենտրոնն էլ չի բավարարվել միայն ցուցակ հրապարակելով եւ դատական գործընթաց է սկսել երկու կուսակցությունների` «Բարգավաճ Հայաստան»-ի եւ Դեմոկրատական կուսակցության նկատմամբ:

Հայ ազգային կոնգրեսի դեմ դատական գործընթաց չսկսելը Շուշան Դոյդոյանը այսպես բացատրեց. - «Երկու տարի առաջ մենք իրենց հետ դատական գործի մեջ եղել ենք, կրկնակի անգամ նույն հարցով մտնել դատարան` իմաստ չունի»։

Ազգային ժողովում Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը չցանկացավ մեկնաբանություն տալ այս հարցով` չկարեւորելով այս կենտրոնի հրապարակած ցուցակը եւ որակելով այն «անլուրջ»:

«Բարգավաճ Հայաստան»-ի մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրենց կուսակցությունը եւ անձամբ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մի շարք գործողություններ են իրականացնել, այդ թվում` իրեն հասարակայնության հետ կապերի պատասխանատու նշանակելով, որպեսզի բոլոր հետաքրքրվողներին բաց ու թափանցիկ տեղեկատվութոյւն տրամադրի:

«Ցանկացած, այդ թվում` այդ իմաստով, սեւ գույն պատկերող ցուցակի մեջ ներգրավելը ինձ համար զարմանալի է», - նշեց Ուրիխանյանը։

Նա ասաց, թե կպարզի, թե ինչ ձեւաչափով է կուսակցությանը ուղղվել դիմումը, քանզի բոլոր ցանկացողներին պատրաստ են տրամադրել այդ տեղեկատվությունը:

«Ֆինանսական գործողությունների առումով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համապատասխան տեղեկություններ տրամադրել է լիազոր պետական հսկող մարմնին։ Ցանկացած պարագայում, ուզում եմ նշել, որ մենք որեւէ թաքցնելու բան, բնականաբար, չունենք։ Եթե կլինի դատական գործընթաց, բնականաբար, մենք կուսումնասիրենք նյութերը եւ հանդես կգանք պատասխան գործողություններով», - ասաց Տիգրան Ուրիխանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG