Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 9-ին Շիրակի մարզի 119 համայնքներից 86-ում կանցկացվեն Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ: Ամենաթեժ պայքարը սպասվում է Գյումրիի եւ Արթիկի քաղաքային համայնքներում:

Գյումրիում 5-րդ անգամ կառաջադրվի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը (ՀՀԿ):

Իր թեկնածուն կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը. այս պահին շրջանառվում են ԱԺ պատգամավորներ Սամվել Բալասանյանի ու Մարտուն Գրիգորյանի եւ Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի անունները:

Գյումրու քաղաքապետի թեկնածու կառաջադրի նաեւ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը. շրջանառվում է Շիրակի մարզպետարանի աշխատակից Հովսեփ Սիմոնյանի անունը: Հայ ազգային կոնգրեսը դեռ որոշում չի ընդունել Գյուրիի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու հարցի շուրջ:

Շրջանառվում են նաեւ անկուսակցական թեկնածուների անուններ:

Թեկնածուների պակաս չի լինի նաեւ Արթիկի քաղաքային համայնքի ղեկավարի ընտրություններում` արդեն խոսվում է 6-7 թեկնածուների մասին:

Այն 86 համայնքներում, որտեղ անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ, գործող համայնքապետերը հիմնականում Հանրապետականներ են:

«Սովորաբար մենք հերթական ընտրություններն ունենում ենք հոկտեմբերի կեսերին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի ՏԻՄ վարչության պետ Կառլեն Աբրահամյանը` պարզաբանելով. - «Այնտեղ կան տոնական օրեր: Խոսակցություն կար, որ նախատեսված է սեպտեմբերի 15-ին, բայց համընկնում էր մեր եկեղեցական տոների հետ: Որ չխառնվի այդ օրերին հետ, տարին էլ նախընտրական տարի է` նախագահական ընտրություններ… Հարմար է գտնվել, որ սեպտեմբերի 9-ին լինի: Ինչ-որ առանձին բան չկա, զուտ տեխնիկական հարց է»:

Հարցին, թե որտեղ է թեժ պայքար ակնկալվում` Աբրահամյանը պատասխանեց. - «Երկու քաղաքներում` մարզկենտրոնում ու մարզի մյուս խոշոր քաղաք Արթիկում, կլինի ընդգծված պայքար: Խոշոր գյուղական համայնքներում կլինի, Արթիկի տարածաշրջանի համայնքներում, Ախուրյանում»:

Գործող բոլոր համայնքապետերը, ըստ նրա, պատրաստվում են կառաջադրվել. - «Այսօրվա վիճակով չկա մի համայնքի ղեկավար, որ ասի` չեմ պատրաստվում առաջադրվել»:

Թեկնածուների առաջադրումները կսկսվեն օգոստոսի 5-ից:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG