Մատչելիության հղումներ

Օրենքը կօգնի մշակույթի գործիչներին «ճիշտ առնչվել պետության հետ»


Նկարիչներ միության նախագահ Կարեն Աղամյանը (ձ) եւ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը (ա) լրագրողների հետ հանդիպմանը:

Նկարիչներ միության նախագահ Կարեն Աղամյանը (ձ) եւ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը (ա) լրագրողների հետ հանդիպմանը:

«Տարիներ շարունակ նկարիչները, գրողները, կոմպոզիտորները, ճարտարապետները, առհասարակ ստեղծագործական միությունների ներկայացուցիչները խնդրում են, առաջարկում են, հիմա սկսում ենք պահանջել, որ Հայաստանում ընդունվի վերջապես օրենք ստեղծագործող անհատի եւ ստեղծագործական միությունների մասին», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Նրա համոզմամբ` նման օրենքը կօգնի մշակույթի գործիչներին «ճիշտ առնչվել պետության հետ». - «Պետությունը այդ օրենքի հիման վրա որոշակի պարտավորություններ է վերցնում: Ժամանակին ստեղծագործական միությանն անդամակցությունը համարվում էր աշխատանքային ստաժ եւ ըստ այդմ` արդեն տարիքն առնելուց հետո մարդիկ թոշակի ակնկալիք ունեին: Այսօր այդ բանը չկա: Սա մի օրինակ է: Բազմաթիվ ուրիշ` ավելի մասնագիտական օրինակներ կան, որոնց մասին հիմա ծավալվելն իմաստ չունի»:

Հակադարձելով դիտարկմանը, թե անկախության առաջին տարիներից ի վեր խոսվում է, որ ստեղծագործական միությունները խորհրդային ժամանակներից մնացած կառույցներ են, իսկ անկախ երկրում կարող են լինել բազմաթիվ գրական, նկարչական կամ թատերական միավորումներ լինել` Աղամյանն ասաց. - «Ոչ ոք չի խանգարում: Թող լինի տասը, քսանը, հարյուրը: Մենք այսօր խոսում ենք Նկարիչների միության մասին, որի կարեւորությունը երեւի նկատում եք, քանի որ հենց այսօր, օրինակ, բացվում է ցուցահանդես: Վաղը բոլորին հրավիրում եմ մյուս ցուցահանդեսին` Հայաստանի երիտասարդ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսին: Եթե չլիներ միությունը եւ չլիներ ցուցահանդեսային գործունեությունը, կերպարվեստն առհասարակ կմահանար»:

Հարցին` օրենքի առկայությունը արդյո՞ք կարդարացնի ստեղծագործական միություններ գոյությունը, Աղամյանը պատասխանեց, թե ինքը վերջերս մասնակցել է Համաշխարհային նկարիչների միությունների ֆեդերացիայի համաժողովին, որտեղ ներկա էին աշխարհի բոլոր երկրների նկարիչների միությունների նախագահները. - «Եթե աշխարհում կա այդ ամեն ինչը, այստեղ պատասխանը, կարծում եմ, միանշանակ է: Իսկ թե խորհրդային ժամանակվանից է մնացել… ինչու ասենք, որ վատ է ինչ որ մնացել է Խորհրդային Միությունից»:

Նկարիչները նաեւ հույս ունեն, որ օրենքը կարող է կարգավորել մեկ կարեւոր հարց եւս` արվեստանոցների հարցը:

Նկարիչների միության երիտասարդական թեւի ղեկավար Վահանգ Գալստյանի ձեւակերպմամբ` հատկապես երիտասարդ նկարիչների համար այդ հարցն «օրհասական է»: Եթե ավագ սերնդի նկարիչները խորհրդային տարիներից ստացած արվեստանոցներ ունեն, ապա երիտասարդների համար դա «անհաս երազ է»:

«Մենք հիմա պատրաստվում են դիմել Հանրապետության նախագահին, վարչապետին եւ Ազգային ժողովին: Պետք է համապատասխան օրենքի փոփոխություն արվի կամ նոր օրենք լինի», - հավելեց նա:

Կարեն Աղամյանն ասաց, թե խնդիր է նաեւ եղած արվեստանոցների գույքահարկը. - «Աշխարհում նման երկիր չկա, որ ստեղծագործական արվեստանոցների գույքահարկը հավասարեցված լինի կազինոյի, խանութի եւ այլն: Մեր երկիրը այդպիսին է»:

Իսկ հարցին, թե հույս ունեն, որ Ազգային ժողովը կընդունի ստեղծագործական միությունների մասին օրենք, Աղամյանը պատասխանեց, որ նման հույս փայփայում են, թեեւ հավելեց. - «Քանի անգամ արդեն փոխվել են կառավարության անդամները, քանի անգամ փոխվել է Ազգային ժողովը, գրեթե բոլորը այս հարցին առնչվել են, բայց սայլը տեղից չի շարժվում»:

XS
SM
MD
LG