Մատչելիության հղումներ

Ռումինիայում քննարկվում է նախագահի իմփիչմենթի հարցը


Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն ելույթ է ունենում նախագահական նստավայրում, Բուխարեստ, 3-ը հուլիսի, 2012թ.

Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն ելույթ է ունենում նախագահական նստավայրում, Բուխարեստ, 3-ը հուլիսի, 2012թ.

Հինգշաբթի օրը Ռումինիայի խորհրդարանը արտահերթ նստաշրջանում սկսել է քննարկել երկրի նախագահ Տրայան Բասեսկուին իմփիչմենթ հայտնելու հարցը:

Նախագահին պաշտոնանկ անելու նախաձեռնությամբ հանդես է եկել Վիկտոր Պոնտայի ձախակողմյան սոցիալ-լիբերալ դաշինքը, որը խորհրդարանում մեծամասնություն ունի:

Խորհրդարանական կոալիցիան Բասեսկուին մեղադրում է իշխանությունը վերազանցելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, արդարադատության համակարգին միջամտելու մեջ` սկսած 2009 թվականից, երբ վերընտրվել է նախագահի պաշտոնում:

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Բասեսկուն, այսօր ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, թե իր հակառակորդները փորձում են խարխլել երկրի իրավական հիմքերը, շեղել ուշադրությունը ներքին խնդիրներից:

Նա ասել է, որ սկսած 2004 թվականից, երբ ընտրվել է երկրի նախագահ, կառուցել է անկախ իրավական ինստիտուտներ, ինչը հիմա կառավարության ձախակողմյան կոալիցիան ցանկանում է կազմաքանդել:

Բասեսկուն նաեւ նշել է, որ կառավարության այս քայլը հնարք է` շեղելու համար ուշադրությունը վարչապետ Վիկտոր Պոնտայի դեմ գրագողության մեղադրանքներից, որ նա արել է դոկտորական թեզը պաշտպանելիս:

Խորհրդարանական կոալիցիան, նախապատրաստվելով նախագահի իմփիչմենթին, երեքշաբթի օրը փոխել էր խորհրդարանի երկու պալատների նախագահներին, որոնք Բասեսկուի աջակիցներն էին: Պաշտոնանկ էր արվել նաեւ մարդու իրավունքների պաշտպանը` նոր օմբուդսմենը վարչապետի կուսակցության անդամ է:

Բասեսկուին իշխանությունից հեռացելու գործընթացը դյուրացնելու նպատակով կառավարությունը նաեւ հատուկ որոշում է ընդունել, որով սահմանափակվում է Սահմանադրական դատարանի միջամտությունը նախագահին իմփիչմենթ հայտնելու գործընթացին. Սահմանադրական դատարանը չի կարող քննել խորհրդարանի ընդունած որոշումը:

Սահմանադրական դատարանը պաշտոնապես դիմել է Վենետիկի հանձնաժողովին` բողոքարկելով վարչապետի որոշումը:

Երկրի նախագահին իմփիչմենթ հայտնելու հարցը խորհրդարանը քվեարկելու է ուրբաթ օրը: Ընդունվելու դեպքում, 30 օրվա ընթացքում այն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով: Մինչեւ հանրաքվեն նախագահի լիազորությունները սառեցվում են:

Նախատեսվում է, որ այսօր բողոքի ակցիաներ կանցկացվեն կառավարության դեմ:

Իրավապաշտպան խմբերը բաց նամակ են հղել Եվրոպական հանձնաժողովին` ասելով, թե օրենքի գերակայությունը աննախադեպ հարձակման տակ է սոցիալ-լիբերալ դաշինքի կողմից:

Ռումինիայի քաղաքական ճգնաժամի պատճառով խորը մտահոգություն են հայտնել Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը:

Վիկտոր Պոնտայի հետկոմունիստական Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը 2007 թվականին հաջողվել էր առկախել նախագահի լիազորությունները, սակայն համապետական հանրաքվեի արդյունքում նա վերականգնվեց նախագահի պաշտոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG