Մատչելիության հղումներ

Ժիրայր Լիպարիտյան. «Պետք է բանաձեւ գտնել խաղաղության համար»


Ժիրայր Լիպարիտյան, արխիվային լուսանկար
Ժիրայր Լիպարիտյան, արխիվային լուսանկար
ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, 1994-97 թվականներին Հայաստանի նախագահի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը հարցազրույց է տվել News.az ադրբեջանական կայքին, որը հրապարակվել է չորեքշաբթի օրը։

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին` Լիպարիտյանը ասել է, թե հակամարտության կողմերը պետք է գիտակցեն, որ սահմանափակ ժամանակ ունեն խնդիրը լուծելու համար։

Կարծիք հայտնելով, որ այսօր ժամանակը աշխատում է Ադրբեջանի օգտին, նա ավելացրել է. - «Կարող են լինել նաեւ այլ հիմնավորումներ, թե ժամանակը աշխատում է նաեւ Հայաստանի օգտին»։ «Հաշվարկները միշտ չէ, որ ճիշտ են», - նշել է նա։

«Հակամարտությունների առկայությունը նվազեցնում է ժողովրդավարության մակարդակը, ինչը խոչընդոտում է զարգացմանը։ Այս երկրները պետք է բանաձեւ գտնեն խաղաղության համար։ Այդպիսի խաղաղության պայման պետք է լինի յուրաքանչյուր կողմի` փոխզիջումների գնալու համաձայնությունը։ Ես չեմ վստահում միջնորդներին` ես գերադասում եմ ուղիղ բանակցությունները», - ասել է Ժիրայր Լիպարիտյանը։

Պատասխանելով հարցին, թե ո՞րն է Հարավային Կովկասում հակամարտությունների պատճառը, նա նշել է, որ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի ժողովուրդները տարածաշրջանը չեն դիտարկում որպես մեկ ամբողջություն, որպես միասնական Կովկաս։ «Այս երկրները մինչեւ հիմա դրսի ուժեր են փնտրում` լուծելու համար իրենց ներքին խնդիրները։ Խորհրդային ժամանակներում կովկասյան հանրապետությունները նայում էին դեպի Մոսկվա` որպես ուժի, որն ընդունակ է լուծել իրենց ներքին խնդիրները։ Հիմա նրանք հայացքները հառում են նաեւ դեպի Վաշինգտոն եւ Բրյուսել։ Կովկասյան երկրները մինչեւ հիմա իրենց ապագան, իրենց հարաբերությունների ապագան կապում են տարածաշրջանից դուրս գտնվող երկրների հետ», - ընդգծել է Լիպարիտյանը։

Նրա խոսքերով` հարավկովկասյան երկրները զարգացման ընդհանուր պատկերացման կարիք ունեն, որը պետք է ընդգրկի տարածաշրջանում առկա բոլոր հակամարտությունների դադարեցումը, մասնավորապես` Ղարաբաղի հակամարտության։

Ժիրայր Լիպարիտյանը նշում է, որ դա, իր հերթին, բերում է տարածաշրջանի գործերին Ռուսաստանի միջամտությանը, որը դրական գործոն չէ։

Նրա կարծիքով, ղարաբաղյան հակամարտությունը միայն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ չէ` այն ներառում է երկու-երեք այլ երկրներ։

Հարավկովկասյան երկրների զարգացման առումով, Լիպարիտյանի կարծիքով, Հայաստանը զիջում է հարեւաններին։ Նրա խոսքերով` Վրաստանի եւ Ադրբեջանի համեմատ Հայաստանը «շատ թույլ» երկիր է, Ադրբեջանի զարգացումը կշարունակվի, Վրաստանը, իր հերթին, կզարգանա` նույնիսկ առանց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի։

Լիպարիտյանը հիշում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակաշրջանում ուսումնասիրել են, թե Հայաստանը ինչպես կարող է զարգանալ ու նորմալ երկիր դառնալ: Սակայն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խնդիրները խոչընդոտել են դրան:

«Իրականությունն այն է, որ զարգացմանը կարելի է հասնել հարեւան երկրների հետ լավ հարաբերություններով: Խաղաղության հաստատումը մեծ կարեւորություն ունի Հայաստանի համար: Այնուամենայնիվ, Հայաստանում որոշ ուժեր 1997-ին Լեւոն Տեր-Պետրոսյանին ստիպեցին հրաժարական տալ», - News.az-ի հարցազրույցում ասել է Ժիրայր Լիպարիտյանը, ով 1994-97 թվականներին եղել է Տեր-Պետրոսյանի ավագ խորհրդականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG