Մատչելիության հղումներ

logo-print
"Ты кто такой? Давай, до свидания" հայտնի տեսանյութի հեղինակ, «Թոլիշի Սադո» թալիշական թերթի խմբագիր Հիլալ Մամեդովին պետական դավաճանության, ազգային, սոցիալ-կրոնական ատելություն, թշնամություն սերմանելու մեղադրանք առաջադրելու փաստին քննադատաբար են վերաբերվում իրավապաշտպանները, ինչպես նաեւ Ադրբեջանում ներկայացված միջազգային կազմակերպությունները:

Մամեդովը ձերբակալվել է հունիսի 21-ին` թմրանյութ պահելու կասկածանքով: Այս ձերբակալությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ զանազան լրատվամիջոցներ ու սոցիալական ցանցեր արդեն բավականին մեծ ուշադրություն էին դարձրել թալիշական հարսանիքի մասին տեսանյութին, որում հնչում է "Ты кто такой? Давай, до свидания" երգը։

Հիլալ Մամեդովի փաստաբան Անար Ջասիմլին հայտարարում է, որ իր պաշտպանյալին մեղադրանք առաջադրելու հիմքերը քաղաքական են:

«Դա պայմանավորված է իրավապաշտպանության եւ սոցիալ-քաղաքական բնագավառում նրա դրսեւորած ակտիվությամբ, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ նա ներգրավված է էթնիկ խմբի մշակույթի տարածման գործում», - նշել է փաստաբանը:

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունն ու դատախազությունը համատեղ հայտարարության մեջ նշել են. - «Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցները տարածում են անհիմն, սադրիչ տեղեկատվություն, թե «Թոլիշի Սադո» թերթի խմբագրի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման պատճառը նրա մասնագիտական գործունեությունն է: Մամեդովի նկատմամբ քրեական գործ հարուցելը եւ նրան կալանավորելը պայմանավորված է կոնկրետ գործողություններով, որոնք սպառնալիք են հանրության անվտանգության համար»:

Դատախազությունն ու ներքին գործերի նախարարությունը պնդում են, թե Մամեդովը` որպես արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ համագործակցող անձ, ներգրավվել է ազգային, ռասայական, կրոնական անհանդուրժողականություն հարուցելու, ինչպես նաեւ թմրանյութեր տարածելու գործում՝ 1992 թվականից Իրանի հատուկ ծառայության ներկայացուցչի ջանքերով վնասել է Ադրբեջանի ազգային շահերը՝ դրա դիմաց ստանալով նյութական շահ:

Ադրբեջանական լրատվամիջոցները հիշեցնում են, որ «Թոլիշի Սադո» թալիշական թերթի նախկին խմբագիրը՝ Նովրուզալի Մամեդովը 2009 թվականին մահացավ բանտում՝ Իրանի օգտին լրտեսությամբ զբաղվելու մեղադրանքով 10 տարվա ազատազրկումը կրելիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG