Մատչելիության հղումներ

Հայաստանում այսօր նշվում է երկրի Հիմնական օրենքի` Սահմանադրության օրը:

1995 թվականին անցկացվեց սահմանադրական հանրաքվե, որի արդյունքում ընդունվեց գործող Սահմանադրությունը, իսկ 10 տարի անց` 2005 թվականին Հիմնական օրենքում կատարվեցին փոփոխություններ եւ լրացումներ:

Տոնի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում, որը տեղադրված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, մասնավորապես, ասված է. - «Հուլիսի 5-ը մեր նոր պետականության կարեւորագույն տոներից է, որով մենք մեր նվիրվածությունն ենք արտահայտում Հայաստանի Հանրապետության Հիմնական օրենքի մեջ ամրագրված արժեքներին ու իդեալներին»:

«Մեր Սահմանադրության կարեւոր առաքելությունը հասարակական համերաշխության ապահովումն է, որին չենք կարող հասնել առանց օրենքի գերակայության եւ սահմանադրական իրավունքների անվերապահ հարգման», - ընդգծում է նախագահը` շարունակելով. - «Այստեղ պետք է խոստովանենք, որ ունենք խնդիրներ: Ակնհայտ է, որ Սահմանադրությամբ հռչակված ժողովրդավարական արժեքները, այդ թվում՝ անկախ որեւէ հատկանիշից օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը, առօրյա կյանքում պետք է անվերապահորեն դրվեն մեր հասարակության եւ պետության մեջ առկա հակասությունների լուծման հիմքում»:

«Միայն քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ կապի մեջ պետությունը կարող է դառնալ իրապես ժողովրդավարական եւ կառուցել քաղաքակիրթ հասարակարգ, որում ազատությունը եւ հասարակական կարգը լիովին հավասարակշռված են: Հասարակական համերաշխության համար պատասխանատու ենք բոլորս, հասարակության բոլոր շերտերը, եւ բոլորիս պարտքն է համատեղ ջանքերով օր առաջ վերացնել հռչակված արժեքների եւ իրականության մեջ առկա խզումը: Այս ճանապարհին մեր ամենահուսալի հենարանը դարձյալ Սահմանադրությունն է՝ նրա տառն ու ոգին», - ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում։

Նախագահը համոզմունք է հայտնում, որ «մեր Սահմանադրությունը դեռ ծառայելու է Հայաստանի քաղաքացիների բազում սերունդների՝ շարունակելով լինել մեր պետական, հասարակական, քաղաքական ու սոցիալական կյանքը կարգավորող ամենահեղինակավոր փաստաթուղթը»:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձում, որը տեղադրված է խորհրդարանի պաշտոնական կայքէջում, մասնավորապես, ասված է. - «17 տարի առաջ ընդունված մեր երկրի հիմնական օրենքը դարձավ ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքներն ու ազատությունները անվերապահորեն ամրագրող, պետականաշինության գործընթացը լիարժեք կանոնակարգող հիմնարար փաստաթուղթ, առաջընթացի հուսալի եւ կայուն հիմք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG