Մատչելիության հղումներ

Ռուբեն Հայրապետյանը չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ պատգամավորի մանդատից հրաժարվելու իր դիմումն արդեն ներկայացրել է Ազգային ժողով:

Հայրապետյանը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել` ասելով, թե ինքն այլեւս պատգամավոր չէ եւ պարտավոր չէ պատասխանել լրագրողների հարցերին:

Պատգամավորի մանդատից հրաժարվելը Հայրապետյանը պայմանավորել էր զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան հանգամանքով, ով դաժան ծեծի էր ենթարկվել Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում:

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի, պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումն անձամբ ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին: Վերջինս այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում։ Հայրապետյանի դիմումը, փաստորեն, Ազգայի ժողովը կհրապարակի արդեն հաջորդ նստաշրջանի ժամանակ: Դրանից հետո 15 օրվա ընթացքում Հայրապետյանը կրկին գրավոր դիմում պետք է ներկայացնի՝ վերահաստատելու իր որոշումը: Դիմումը ետ չվերցնելու դեպքում հնգօրյա ժամկետում ԱԺ նախագահի ստորագրությամբ կազմված արձանագրությունը կուղարկվի Կենտրոնական ընտրական հանձնաժողով: ԿԸՀ-ն, համաձայն Ընտրական օրենսգրքի, դրանից հետո 80-օրյա ժամկետում կնշանակի լրացուցիչ ընտրություններ:

Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Հայրապետյանը, հրաժարվելով պատգամավորի մանդատից, «Հարսնաքարում» կատարվածի առնչությամբ «իրավական պատասխանատվություն չի կիսում»:

«Նախ կա անմեղության կանխավարկած, երկրորդը՝ քանի դեռ չեն ապացուցել, որ նրա վրա կան փաստեր, եւ նա մեղավոր է, իհարկե, չի կիսում պատասխանատվությունը: Այս ամենը տեղի ունեցավ, որովհետեւ մեր երկրում բարոյական չափանիշները հստակ են, եւ մեր երկրում ոչ նախագահը, ոչ պատգամավորը, ոչ էլ սովորական քաղաքացին չեն կարող հանդուրժել զոռբայությամբ եւ բռունցքներով հարցերը լուծել», - ասաց Շարմազանովը:

Արդյո՞ք Հայրապետյանը հրաժարական տվեց հասարակական ճնշման ազդեցությամբ, թե՞ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքում կայացվեց այդ որոշումը: Շարմազանովն, այս հարցին ի պատասխան, նշեց, որ Հայրապետյանը հաշվի առավ խնդրի բարոյական կողմը:

«Հայրապետյանը Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է ու այս հարցը քննարկել է կուսակցության խորհրդի նախագահի, երկրի նախագահի հետ ու նման որոշում կայացրել», - ասաց Շարմազանովը:

Զինվորական բժիշկ Վահե Ավետյանի դեպքի հետ կապված հասարակության մի մասը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել Հայրապետյանին: Նրա կուսակից Շարմազանովը, սակայն, հայտարարում է՝ եթե որեւէ մեկը փաստեր ունի տեղի ունեցածին Հայրապետյանի մասնակցության մասին, թող դիմի իրավապահներին, հակառակ դեպքում դադարեցնի զրպարտությամբ զբաղվել:

«Ըմբռնումով եմ մոտենում, որ մարդիկ այդ վայրագությանը, այդ բարբարոսությանը շատ վատ են վերաբերում եւ անհանդուրժող եղան: Շատ ճիշտ է, որ անհանդուրժող են, բայց մարդուն մեղադրելը արդեն իրավական հարթության խնդիր է, իսկ իրավական խնդիրները պետք է լուծվեն իրավական ոլորտում», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG