Մատչելիության հղումներ

Հայրիկյանը կառաջադրվի նախագահական ընտրություններում


Պարույր Հայրիկյան
Պարույր Հայրիկյան
«Ազգային ինքնորոշում միավորում» (ԱԻՄ) կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը 2013 թվականի նախագահական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը:

Հայրիկյանը այդ մասին հայտարարեց Հայաստանի սահմանադրության ընդունման 17-ամյակին ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսում՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին:

«Ես առաջադրվելու եմ, ԱԻՄ-ը որեւէ որոշում չի ընդունել, կարծում եմ, որ պարտավոր եմ», - ասաց նա:

Խոսելով ՀՀ Սահմանադրության եւ դրանում կատարված փոփոխությունների մասին՝ Հայրիկյանը այս անգամ էլ չմոռացավ համեմատականներ տանել նախորդ Սահմանադրության հետ՝ որակելով այն իրավագիտական տեսանկյունից խայտառակ, իսկ սահմանադրական փոփոխություններից որպես ազգային շահերի ռազմավարական ձեռքբերում առանձնացրեց երկքաղաքացիությունն արգելող դրույթի վերացումը, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ստեղծումը:

Խոսելով Սահմանադրության բացթողմումների մասին՝ ԱԻՄ ղեկավարը ասաց. - «Նկատե՞լ եք, որ բոլոր ընտրություններից առաջ վեճ է սկսվում՝ մեծամասնական, թե՞ համամասնական, քանի՞ տեղ մեծամասնական: Եթե դա Սահմանադրությամբ ամրագրված լիներ, այլեւս քննարկելու առարկա չէր լինի: Այս փուլի կարեւորագույն խնդիրը մեր Սահմանադրության մեջ, ինձ համար որպես սահմանադրագետի, այն է, որ սահմանադրորեն ամրագրենք Ազգային ժողովի եւ ընդհանրապես ժողովրդի ներկայացուցչական մարմինների ձեւավորման կարգը»:

Հայրիկյանը խոսեց նաեւ Սահմանադրությամբ սահմանված մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների, մասնավորապես կյանքի իրավունքի մասին՝ անդրադառնալով օրեր առաջ հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի հետեւանքով սպանված Վահե Ավետյանի դեպքին:

«Մարդիկ տեսնում են, որ իրենք հեռացրել են ոչ թե սովորական մի համեստ քաղաքացու, այսինքն մեր պաշտպանի նկատմամբ է ոտնձգություն կատարվում: Դա ինձ համար ամենաահավոր բանն էր այն տեսակետից, որ եթե դու քո պաշտպանին ես հարվածում, ապա մյուսները որքան անպաշտպան են», - ասաց նա:

Հայրիկյանն ասաց՝ «դժգոհ չէ», որ Հայրապետյանը այս միջադեպի հետեւանքով առաջացած հասարակական ճնշման արդյունքում վայր դրեց պատգամավորական մանդատը:

«Որովհետեւ որպես պատգամավոր՝ նրա որեւէ դրսեւորում, նկատի ունեմ որպես օրենքի հեղինակ, ինձ հայտնի չէ», - ասաց նա՝ հավելելով, որ Ավետյանի պատմությունը ամենավերջին աղմկահարույց օրինակն էր այն բանի, թե ինչպես կարող է խախտվել մարդու սահմանադրական իրավունքը. - «Եթե մեր արդեն ունեցած Սահմանադրությունն է խախտվում, տվյալ դեպքում մարդու ապրելու իրավունքը, ապա մենք բոլորս այս օրը պետք է համարենք համազգային հիշեցման օր», - ասաց նա:

please wait

No media source currently available

0:00 0:02:53 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG