Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ-ի Անկախության օրը


Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի
Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի
Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը այցելել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատուն եւ շնորհավորել դեսպան Ջոն Հեֆերնին, դեսպանատան աշխատակիցներին եւ ի դեմս նրանց Միացյալ Նահանգների ժողովրդին՝ ԱՄՆ-ի պետականության հռչակման եւ Անկախության հռչակագրի ընդունման 236-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային։

Ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Չափազանց ոգեւորիչ է տեսնել, որ 18-րդ դարում Ձեր երկրի հիմնադիրների կողմից հռչակված համամարդկային բարձրագույն արժեքներն այսօր էլ արդիական են հատկապես աշխարհի այն ժողովուրդների համար, որոնք դեռ պայքարում են հանուն անկախության, ազատության, արդարության եւ հավասարության: Այս տարի մենք նշում ենք Միացյալ Նահանգների հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Հպարտորեն պետք է ընդգծեմ, որ այդ 20 տարիների ընթացքում մեր հարաբերություններն ունեցել են վերընթաց զարգացում եւ այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա»։

«Իհարկե, մեր ժողովուրդների կապերը շատ ավելի խոր պատմություն ունեն, եւ դրանցում հատկապես մեծ եւ տեսանելի դեր ունի ամերիկահայ համայնքը, որը բազմաթիվ ամուր կամուրջներով կապել է մեր երկրները: Միջպետական հարաբերությունների երրորդ տասնամյակի շեմին մենք շարունակում ենք խորապես շահագրգռված մնալ Միացյալ Նահանգների հետ բազմակողմանի գործընկերային սերտ հարաբերությունների հետագա զարգացմամբ», - իր ուղերձում գրել է Սերժ Սարգսյանը` շարունակելով. - «Հայ ժողովուրդը երախտապարտ է Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ անկախության վերանվաճումից ի վեր Հայաստանին համակողմանի եւ շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: Բարձր գնահատանքի են արժանի նաեւ արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված Ձեր երկրի ջանքերը»։

«Կրկին շնորհավորելով Անկախության օրվա առթիվ՝ մաղթում եմ Ձեզ եւ Ձեր ժողովրդին խաղաղություն եւ բարօրություն», - ասված է Բարաք Օբամային Սերժ Սարգսյանի հղած ուղերձում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG