Մատչելիության հղումներ

Հանրապետական պատգամավոր, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել:

Նախքան հայտարարություն տարածելը Հայրապետյանը այսօր երեկոյան հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ինչը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը:

«Ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ երեկոյան լինեի այնտեղ, բռնեի երիտասարդների վրա բարձրացող բռունցքները, կանգնեցնեի այս դժբախտությունը, որ կյանք խլեց, ընտանիքներ կործանեց, երեխաներ որբացրեց: Ամեն ինչ կտայի այս ամենը հետ պտտելու համար: Բայց չեմ կարող: Վահեն արդեն չկա: Ու ես դրանով պետք է ապրեմ: Ու պետք է նայեմ նրա ընտանիքի անդամների աչքերին: Չգիտեմ ոնց: Ասում են ամեն ինչ օրենքով պիտի լինի. վստահ եմ օրենքով կլինի, 100 մեղավոր կլինի 100 պատիժ կլինի: Բայց հարցը միայն օրենքը չի: Հարցը շատ ավելի բարդ է: Ու ես դա շատ լավ եմ հասկանում: Հիմա շատերն են մեղադրում ինձ, նույնիսկ բաների համար, որ ինձ հետ կապ չունեն կամ հորինված են. երեւի իրավունք ունեն: Բայց իմ առաջին մեղադրողը հենց ես եմ: Ես պիտի կանխեի նման դժբախտությունը ու չեմ կարողացել դա անել: Չպետք է իմ եւ իմ ընտանիքի հետ առնչություն ունեցող միջավայրում նման իրադարձություն հնարավոր լիներ: Ես ինձ չեմ ներում, ու չգիտեմ ոնց պիտի ներում հայցեմ: Այս պահին ես հայտարարում եմ, որ բարոյական պարտավորություն եմ զգում եւ վայր եմ դնում Ազգային Ժողովի պատգամավորի իմ մանդատը: Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր ընտրողներից, որ չեմ կարողանա արդարացնել իրենց սպասելիքները, բայց վստահ եմ, որ ուղղակի պարտավոր եմ այս քայլն անելու: Ուզում եմ հավատալ, որ ավանցիներն ինձ ճիշտ կհասկանան: Հույս ունեմ, որ մի օր էլ կկարողանամ ներում ստանալ Վահեենց ընտանիքում. համենայն դեպս ամեն ինչ կանեմ դրա համար: Սգում եմ բոլոր հարազատների հետ միասին», - ասված է Հայրապետյանի հայտարարությունում:

Հիշեցնենք, հունիսի 17-ին Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել երեք զինվորական բժիշկներ, որոնցից 33-ամյա Վահե Ավետյանը, 12 օր գիտակցության չգալով, մահացավ գլխուղեղի լուրջ վնասվածքների հետեւանքով: Ավետյանի դաժան ծեծը եւ մահը հարուցել էր հասարակության բուռն զայրույթը. մարդիկ արդեն մի քանի օր շարունակ բողոքի տարբեր ակցիաներով Հայրապետյանից պահանջում էին հրաժարվել պատգամավորի մանդատից եւ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG