Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին վարչապետի պաշտոնը վստահել է իր մտերիմ ընկերոջը՝ ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիին:

Վրաստանի խորհրդարանի խմբակցությունները եւ խորհրդարանական հանձնաժողովները երեքշաբթի օրը քննարկել են նոր կառավարության ծրագիրը, որը խորհրդարանի հաստատմանը կներկայացվի վաղը՝ արտահերթ նիստում:

Կառավարության ներկայացրած ծրագրում ամենաուշագրավը, վրացի փորձագետերի գնահատմամբ, գործազրկությունը վերացնելու կառավարական խոստումն է:

Մերաբիշվիլին Վրաստանում հայտնի է որպես ոստիկանական համակարգում բարեփոխումներ իրականացրած եւ կոռուպցիայի դեմ պայքարի գործում առանձնակի ներդրում ունեցած պաշտոնյա:

«Ես անձամբ պայքարելու եմ Վրաստանում գործազրկության դեմ այնպես, ինչպես տարիներ շարունակ պայքարել եմ հանցավորության եւ կոռուպցիայի դեմ: Ես ուզում եմ Վրաստանում արմատապես փոխել իրավիճակը», - հայտարարել է Մերաբիշվիլին:

Կառավարության նոր ծրագրի հեղինակները վստահեցնում են, որ առաջնորդվել են «Առավել օգուտ ժողովրդին» կարգախոսով: Նոր վարչապետը խոստանում է բարձրացնել կենսաթոշակները:

Վրացական ընդդիմությունը հայտարարում է, որ կառավարությունն իրականում չի համալրվել նոր, թարմ, կարող ուժերով: Ընդդիմադիրները դժգոհում են, որ նախարարական կաբինետում ընդամենը փոխատեղվել են պաշտոնյաները:

«Նոր աջեր» կուսակցության առաջնորդ Դավիթ Գամգրելիձեն, մասնավորապես, հայտարարել է, որ ներքին գործերի նախարարի պաշտոնը Բաչո Ախալայային վստահելով՝ վրացական իշխանությունը պարզորոշ կերպով ցույց է տալիս, որ երկիրը ղեկավարվում է ուժային մեթոդներով:

Ուշագրավ մեկ այլ հանգամանք. ներքին գործերի նոր նախարարի նշանակման պատճառով աշխատանքից ազատվելու դիմում է գրել Սահմանադրական կարգի անվտանգության վարչության պետ Դավիթ Ախալայան: Նա նոր նախարարի՝ Բաչո Ախալայայի եղբայրն է: Երկու եղբայրների համատեղ աշխատանքը ներքին գործերի նախարարությունում կարող է հանգեցնել շահերի բախման:

Սահակաշվիլիի կողմնակիցներն այս առիթը չեն անտեսում՝ կառավարական համակարգում գործող սկզբունքը գովաբանելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG