Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանն (ՍԴ) այսօր անփոփոխ թողեց թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ) որոշումը, ըստ որի այդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր է ընտրվել Սամվել Ալեքսանյանը:

Թիվ 7 ԸԸԿ-ում Ալեքսանյանի (ՀՀԿ) մրցակից Նիկոլ Փաշինյանի (ՀԱԿ) բողոքը վերաբերում էր ոչ միայն առաջինիս` ընտրություններին մասնակցության օրինականությանը, այլեւ նրա օգտին տրված ձայների օրինաչափությանը:

Դիմող կողմի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը «Ազատություն» ռադիոակայանի հետ զրույցում ասաց, որ իրենք ՍԴ են ներկայացրել Փաշինյանի քարոզարշավը խոչընդոտելու եւ այլ խախտումների մասին «հիմնավոր փաստեր»:

Ավելի վաղ, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը թիվ 7 ԸԸՀ ներկայացրած դիմումում նշել էր նաեւ, որ Ալեքսանյանը «ապրիլի 19-ին 7-րդ ընտրատարածքում գտնվող թիվ 190 դպրոցում անցկացրել է նախընտրական հանդիպում, որի ընթացքում ընտրողներին է բաժանել դրամ եւ տվել է «Վերջին զանգի»-ի արարողությունը իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում անվճար կազմակերպելու խոստում»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը ՍԴ-ի որոշման հրապարակումից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Իրենք դիմումին կից չէին ներկայացրել որեւէ ապացույց, որը Սահմանադրական դատարանի համար կունենար որեւէ ապացուցողական նշանակություն: Դիմող կողմի դիրքորոշումները մի փոքր փոփոխություններով դա «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից ներկայացված դիմումն էր… Եվ հիմնավորումները, դատողությունները, եզրահանգումները ըստ էության նույնն էին»:

Վահե Գրիգորյանը, մինչդեռ, նշում է, որ Փաշինյանի դիմումը «բովանդակային առումով» բավականին տարբեր էր. - «Կային ծանրակշիռ փաստեր, որոնք, սակայն, հաշվի չառնվեցին»:

«Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համարում է, որ մնացած բոլոր դեպքերը նույնություն ունեն սրա հետ, ես ողջունում եմ այդ ողջախոհությունը, որ ընդունում են, որ բոլոր դեպքերում էլ եղել են ընտրակաշառքներ, կեղծիքներ, խոճընդոտներ», - նշեց փաստաբանը` հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG