Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն Հայրապետյանի` մանդատը վայր դնելու հարցը չի քննարկի


Գալուստ Սահակյան
Գալուստ Սահակյան
Հանրապետականը չի քննարկել եւ չի էլ քննարկելու Ռուբեն Հայրապետյանի մանդատը վայր դնելու խնդիրը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Սահակյանը, ով քաջատեղյակ է հասարակական նախաձեռնությունների պահանջներին, որ «Հարսնաքար»-ում տեղի ունեցած սպանությունից հետո Հայրապետյանը պետք է վայր դնի պատգամավորական մանդատը եւ հրաժարվի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, ասաց՝ անմեղին եւ մեղավորին պետք չէ խառնել իրար:

Հասարակության որոշակի հատվածի չի բավարարում զուտ կատարողների պատիժ, նրանք նաեւ բարոյական հատուցում են պահանջում:

«Դա պատգամավորի իրավունքների խախտում է, պատգամավորը կարող է ինքը որոշել եւ իր մանդատը վայր դնել: Խոսքը գնում է վրեժի եւ ցասման մասին, որ Ռուբեն Հայրապետյանը պիտի պատգամավոր չլինի, դա ես չեմ համարում բավարար մթնոլորտի ձեւավորում կամ մոտեցում: Դա համարում եմ դիմագրավելու ինչ-որ մի աստիճան: Եթե մարդիկ կան, որ ավելի մեծ ինֆորմացիաներ ունեն, անպայման պիտի սպասեն, թե հետաքննող մարմինը կամ ընդհանրապես իրավական դաշտը ինչպիսի վերաբերմունք ունի, հետո նոր կարելի է խոսել այլ հանգամանքների, այլ պատասխանատուների կամ այլ մեղադրանքների մասին», - ասաց Սահակյանը:

Սահակյանը կարծում է, որ Հայրապետյանը տեղյակ չի եղել ռեստորանի անվտանգության աշխատակիցների գործողություններին, ուստի մեղավոր չէ:

«Չեմ կարծում, որ որեւէ անձնավորություն կմտածի, որ իրեն պատկանող միջոցառման վայրում մարդիկ սպանվեն, որպեսզի բիզնեսը դադարի գործել», - ասաց նա:

Ռուբեն Հայրապետյանը այսօր հրաժարվեց հարցազրույցից, բայց Գալուստ Սահակյանը նրա հետ խոսում է: Ինչպես փոխանցեց ՀՀԿ-ի փոխնախագահը, Հայրապետյանը կատարվածը շատ ծանր է տանում:

«Ես ինքս Ռուբեն Հայրապետյանի հետ հաղորդվում եմ, ասեմ, որ շատ վատ է տանում իրողությունը եւ պատրաստ է ամեն ինչի, բայց հոգեբանական տեսակետից նաեւ մոտեցումը հետեւյալն է, որ երանի թե չլիներ այդ դեպքը, եւ ինքն էլ չի կարողանում գտնել այն ճանապարհը, որտեղ կկարողանա հասարակությանը բացատրելի դառնալ», - ասաց Սահակյանը:

Սահակյանն ասաց՝ ՀՀԿ-ն երաշխավորում է, որ մեղավորները կպատժվեն, դրա գլխավոր ջատագովը, նրա խոսքով, հենց Հայրապետյանն է: Բարոյական պատասխանատվության հարց, սակայն, Սահակյանը չցանկացավ քննարկել:

«Վենդետայի արժեքներով առաջ չենք կարող շարժվել, ում հասարակությունը մեղադրում է այդ պահին, վերցնենք նրան մահապատժի ենթարկենք, որ հասարակությունը հանգստանա՞», - ասաց նա:

Գալուստ Սահակյանը Վահե Ավետյանի մահը «աննախադեպ բարբարոսություն» համարեց, շատ դրական գնահատեց հասարակության ակտիվությունը՝ խնդրի բաձրաձայնման հարցում:

Հարցին, թե ինչո՞ւ չմիացաք ցավակցություններին (Հայաստանի նախագահ, ՀՀԿ-ի ղեկավար Սերժ Սարգսյանը նույնպես չի ցավակցել զոհված սպայի ընտանիքին), ՀՀԿ-ի փոխնախագահը պատասխանեց, թե սպայի հուղարկավորությանը ՀՀԿ-ի ներկայացուցիչներ մասնակցել են:

«Յուրաքանչյուր մարդ ցավը զգալու իր մոտեցումներն ու տրամաբանություններն ունի: Դուք մտածում եք՝ Սահակյան Գալուստը չէ՞ր կարող այդ թափորի մեջ հարցազրույց տալ եւ բարձրագոչ բաներ խոսել: Ես չեմ եղել հուղարկավորությանը, բայց ես էլ իմ ձեւով եմ մտածել: Իմ կուսակիցների մի մասը եղել են, եկել պատմել են ամեն ինչ: Այդտեղ պետք է ոչ թե ողբերգության ժամանակ հերոսացման ճանապարհ անցնես, այլ պիտի խեղճանաս եւ քո թշվառ վիճակը զգաս նաեւ այդ երեւույթի հետեւանքով, որպեսզի կարողանաս հաղթահարել, ներսումդ վճռել, հետագա անելիքներդ իմանալ», - ասաց Սահակյանը:

Կատարվածի պատճառների մասին խոսելով՝ ՀՀԿ-ի փոխնախագահը չհերքեց, որ Վահե Ավետյանին «Հարսնաքար»-ի անձնակազմը նաեւ անպատժելիության զգացումից ելնելով է ծեծել:

«Ծանոթ, բարեկամ, հարազատ… որ հանցագործին փրկեն, որ դատավարությունը քիչ տեւի, իհարկե, սա էլ է գործոն: Դրա համար ասում ենք՝ մեր դատաիրավական համակարգը բարեփոխված չէ, դա պիտի ճանապարհ անցնի», - ասաց Սահակյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:33 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG