Մատչելիության հղումներ

Վանաձորի քիմիական գործարանը օգոստոսից պարարտանյութեր կարտադրի


Էներգետիկայի եւ գյուղատնտեսության նախարարները պարարտանյութերի արտադրության վերաբերյալ հուշագիր են կնքում, 03 հունիս, 2012
Էներգետիկայի եւ գյուղատնտեսության նախարարները պարարտանյութերի արտադրության վերաբերյալ հուշագիր են կնքում, 03 հունիս, 2012
Կառավարության կողմից մի քանի տարի շարունակ տրվող այն խոստումը, թե Վանաձորի քիմիական գործարանը առաջիկայում կսկսի պարարտանյութեր արտադրել, իշխանությունները մտադիր են իրականություն դարձնել այս տարվա օգոստոսին:

Հայաստանի գյուղատնտեսության ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունների միջեւ երեքշաբթի օրը փոխըմբռնման հուշագիր կնքվեց, որով նրանք հայտարարեցին Հայաստանում պարարտանյութերի արտադրության մասին:

Վանաձորի քիմիական երբեմնի հսկան իր հերթին պատրաստակամությունն է հայտնել արտադրել կալիումական եւ ազոտի տարբեր ծավալներ ունեցող երկու տեսակի ազոտական պարարտանյութեր:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ասաց, թե անցած մեկ տարում իրենց մասնագետներն ուսումնասիրել են «Վանաձորի քիմպրոմի» առաջարկն ու եկել այն եզրահանգման, որ նպատակահարմար է գյուղատնտեսությունում օգտագործել տեղական արտադրանքի պարարտանյութ: Տեղական պարարտանյութը, ըստ նախարարի, առավել որակյալ է եւ համեմատաբար էժան կլինեն ներկրվողից:

Հայաստանը տարեկան մինչեւ 35 հազար տոննա ազոտական պարարտանյութ է ներկրում:

«Արտադրությունը մեզ մոտ կկազմակերպենք, եւ փողերը մեր երկրից դուրս չեն գա: Հետագայում այս գործարանը նպատակ ունի արտադրել նաեւ ֆոսֆորական պարարտանյութ», - ասաց նախարարը:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հաստա՞տ այս անգամ «Վանաձորի քիմպրոմը» կսկսի պարարտանյութեր արտադրել, հակիրճ պատասխանեց՝ այո: Նախարարը հայտարարեց, թե գործարանը տեխնոլոգիապես պատրաստ է պարարտանյութեր արտադրել:

«Երկրաշարժից հետո սելիտրայի արտադրության սարքավորումները, որ կային Վանաձոր քիմպրոմում, տեղափոխվել էին ուրիշ երկիր, եւ փաստորեն հնարավոր չէր այդ գործընթացը կազմակերպել: Այս տարիների ընթացքում սարքավորումները որքան հնարավոր է ներկրվել են, մի մասը տեղում են պատրաստվել, եւ ամբողջ տեխնոլոգիական շղթան այս պահին պատրաստ է», - ասաց Մովսիսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի այն դիտարկմանը, թե արդյո՞ք այս ամենը հերթական նախընտրական քայլը չէ, քանի որ տարիներ շարունակ գործարանի վերագործարկման մասին խոստումները տրվել են ընտրություններից առաջ, գյուղնախարարն արձագանքեց. - «Եթե երկու նախարարներով ստորագրեցինք հուշագիրը, գործարանում արդեն մի քանի ամիս մասնագետներ են աշխատում, ես հաստատ համոզված եմ՝ արտադրությունը կկազմակերպվի»:

Վանաձորի քիմիական գործարանն անկախության տարիներին մի քանի անգամ վերաբացվել է, բայց այդպես էլ ամբողջ հզորությամբ չի գործել: 2008-ին գործարանը դադարեցրեց կարբիդի արտադրությունը համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով: Ռուսաստանյան «Ռոդինգ Լիմիտեդ Ինտերնեյշնլ» ընկերությանը պատկանող «Վանաձոր քիմպրոմը» այն ժամանակ հայտարարեց, թե փոխում է գործունեության ուղղությունն ու կսկսի զբաղվել պարարտանյութերի արտադրությամբ: Գործարանն անգամ փորձնականորեն անցավ կալիումական պարարտանյութերի արտադրության: Առաջին խմբաքանակից հետո, սակայն, արտադրությունը չշարունակվեց:

Քիմպրոմի ղեկավարությունն ու կառավարության ներկայացուցիչները 2008-ից ի վեր, ժամկետներ նշելով, հայտարարում էին պարարտանյութերի արտադրության մեկնարկի մասին: Այդ ժամկետներն անցնում էին, բայց գործարանում այդպես էլ պարարտանյութ չէին արտադրում: Այժմ արդեն թե կառավարությունը, թե գործարանի ղեկավարությունը հավաստիացնում են, որ պատրաստ են տարեկան 50 հազար տոննա պարարտանյութ արտադրել, իսկ գործարանում կաշխատի մոտ 300 մարդ:

Երբեմնի քիմիական հսկան այժմ արտադրում է արհեստական քարեր:

please wait

No media source currently available

0:00 0:03:53 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG